Թբիլիսիի Պետական համալսարանում նախորդ շաբաթ բռնկված բողոքի ակցիաները դադարեցվել են․ տարբեր պահանջներով հանդես եկող ուսանողական երկու խմբերը համաձայնել են ցրվել։
«ԹՊՀ֊ի առաջին մասնաշենք՝ տասն օր շարունակ պատերազմի դաշտ հիշեցնող ուսանողական կյանքն այսօր իր նորմալ հունին է վերադարձել»,֊ գրում է «Էխո Կավկազա» կայքը։ «Լսարան 115»֊ը (այսպես են իրենց կոչում նախորդ շաբաթ բողոքի ակցիա սկսած ու համալսարանի համապատասխան համարի դասասենյակը գրաված ուսանողները) ցույցը դադարեցրել է երեկ երեկոյան։ Խմբի ներկայացուցիչ Լևան Լորտկիպանիձեն ԹՊՀ բակում հավաքված ուսանողներին հայտարարել է, որ «Լսարան 115»֊ը մտադիր է ԹՊՀ բարեփոխման խորհուրդ ստեղծել, որի կազմի մեջ կմտնեն թե դասախոսներ, թե ուսանողներ։ Խորհուրդը, Կրթության նախարարության հետ համատեղ, պետք է մշակի համաձայնագիր, որում մանրամասն նշված կլինեն բուհում անհրաժեշտ բոլոր փոփոխությունները։ Միևնույն ժամանակ, Լորտկիպանիձեն ընդգծել է, որ եթե մինչև ապրիլի 16֊ը համաձայնագիրը պատրաստ չլինի, իրենք իրավունք են վերապահում վերսկսել բողոքի ցույցերը։
«Համալսարանի ինքնավարության վերաբերյալ ուսանողների պահանջը ենթադրում է բուհի կառավարման համակարգի ժողովրդավարացում մաքսիմալ թվով ուսանողների ու դասախոսների մասնակցությամբ։ Կլանների կողմից ղեկավարվող համալսարանում հիմնարար փոփոխությունների իրականացումն անհնար է։ Հետևաբար, տվյալ փուլում մեր գլխավոր պահանջը ոչ թե կոնկրետ անձանց հրաժարականն է, այլ՝ բուհի գիտական խորհրդի լիակատար վերափոխումը, դրա կառուցվածքի ու անդամների ընտրության կարգի վերակազմակերպումը»,֊ ասել է Լորտկիպանիձեն։
Բուհի բարեփոխման վերաբերյալ այս և մի շարք այլ խնդիրներ ու պահանջներ «Լսարան 115»֊ի անդամներն ու նրանց ընդդիմախոսները՝ ուսանողական ինքնակառավարման ներկայացուցիչները, պատրատվում են քննարկել կլոր սեղանի շուրջ։ Այս մասին ասել է ուսանողական մարմնի փոխնախագահ Պաատա Բախտուրիձեն՝ հավելելով․ «Մենք բարեփոխումների մի շարք առաջարկներ ունենք։ «Լսարան 115»֊ի ներկայիս պահանջը բուհի գիտական խորհրդի վերակազմակերպումն է, մերը՝ ռեկտորի հրաժարականը։ Երեկ այս հարցը քննարկել ենք ու հնարավոր է, որ մենք միավորենք մեր շահերն ու երկու պահմանները բավարարելու համատեղ պահանջ ներկայացնենք»։
Նշենք, որ ուսանողների պահանջներից մեկն էր, որպեսզի Համալսարանի կանցլերի պաշտոնի միակ թեկնածու Գեորգի Գապրինդաշվիլին հանի իր թեկնածությունը։ Վերջինս դա արեց երկուշաբթի։