Մարտի 16-ին ձերբակալվել է նախկինում տարբեր հանցագործությունների համար 11 անգամ դատապարտված Հրազդանի բնակիչ 47֊ամյա Համլետ Ղազարյանը, հայտնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը: Համաձայն հաղորդագրության, Ղազարյանը ՀՀ Պաշտպանության նախարարության և ԼՂՀ Պաշտպանության բանակի բարձրաստիճան ղեկավարների անունից ԼՂՀ տարածքում ժամկետային զինվորական ծառայություն անցնող զինվորների ծնողներից խոշոր գումարներ է շորթել՝ նրանց որդիներին ՀՀ տարածք ծառայության տեղափոխելու պատրվակով։ Ղազարյանը պատճառաբանել է, թե վերցված գումարներն օրինական մուծումներ են:
«Համլետ Ղազարյանի անօրինական գործունեության աշխարհագրությունը ընդգրկել է ՀՀ գրեթե բոլոր մարզերի տասնյակ գյուղեր… Ղազարյանը, ներկայանալով որպես բարձրաստիճան զինվորական, առաջարկել է համայնքներից ԼՂՀ-ում ծառայող զինվորների ծնողներին փոխանցել իր հեռախոսահամարը՝ իրենց զավակներին ՀՀ տարածք ծառայության տեղափոխելու ցանկության դեպքում իրեն դիմելու համար: Հետագայում համաձայնություն ձեռք բերելու դեպքում Ղազարյանը, հանդիպելով զինվորների ծնողներին, յուրաքանչյուրից խաբեությամբ շորթել է 160.000-200.000 դրամ: Համլետ Ղազարյանն իր հանցավոր գործունեությամբ ոչ միայն խաբել է տասնյակ քաղաքացիների, այլ նաև վարկաբեկել ՀՀ և ԼՂՀ Զինված Ուժերին», նշում է ԱԱԾ֊ն: