Home / Հայաստան / Մաքրել ցուցակները վրաստանյան մոդելով․ ԸՕ֊ում 5 կետ ներառելու առաջարկ

Մաքրել ցուցակները վրաստանյան մոդելով․ ԸՕ֊ում 5 կետ ներառելու առաջարկ

Ընտրական գործընթացի որակական փոփոխություն կարող է լինել միմիայն այն դեպքում, եթե օրենսգրքում ներառվեն մի շարք կարևորագույն մեխանիզմներ։ Այս մասին ասված է 8 հասարակական կազմակերպությունների Ընտրական օրենսգրքի (ԸՕ) նախագծի վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ։ Հեղինակները հետևյալ 5 կետերն են առանձնացնում։

1. Ընտրողների կողմից ստորագրված և լրացված ցուցակների հրապարակում։

2. Ընտրողների ցուցակների մաքրում՝ հարևան Վրաստանում կատարված մոդելով: Մասնավորապես, պետք է պարզվեն հանրապետությունում չգտնվող քաղաքացիները և ընտրողների ցուցակների մեջ այդ անձանց անվան դիմաց լինի առանձին նշում՝ հանրապետությունից բացակայելու մասին:

3. Ազգային ժողովի ընտրությունների անցկացում համամասնական ընտրակարգով՝ համապետական պարզ (փակ) համամասնական ընտրացուցակներով, բացառելով տարածքային ու վարկանիշային ցուցակների կիրառումը։

4. Ընտրական տեղամասերում քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացի տեսանկարահանում առնվազն 5 որակյալ տեսախցիկներով՝ որպես պետության պարտականություն: Տեսախցիկների տեսադաշտում կլինեն քվեատուփը, ընտրողների գրանցման և քվեաթերթիկների հատկացման գործընթացը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը:

5. Ընտրողներին մատնահետքերով նույնականացման համակարգի կիրառում կամ մատների թանաքոտման (այդ թվում՝ անզեն աչքով չերևացող թանաքով) կարգի ներդրում։

Հիմնավորում

 ֊ Ընտրողների քվեարկած (ստորագրած) ցուցակների հրապարակումը կրկնաքվեարկությունների կանխարգելման լավագույն մեխանիզմն է, քանի որ քվեարկության ավարտից հետո բոլորին հնարավորություն կտա ստուգելու հանրապետությունից բացակայող անձանց անվան դիմաց ստորագրության բացակայությունը: Հանձնաժողովի անդամները կիմանան, որ մեկ անձի փոխարեն այլ անձին քվեարկելու իրավունք տալու դեպքում դա կարող է շատ հեշտությամբ բացահայտվել: Քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակումը մեր կարևորագույն պահանջն է: Մենք համարում ենք, որ այն պետք է հրապարակվի ոչ միայն ընտրական տեղամասում՝ բոլորի համար տեսանելի վայրում, այլև թվայնացվի ու համացանցում ունենա որոնման հնարավորություն:

֊ Կրկնաքվեարկությունների կանխարգելման նպատակով կարևոր է նաև, որ ընտրողների ցուցակներում հատուկ նշում լինի՝ քաղաքացու` հանրապետությունից բացակա լինելու մասին: Դա հնարավորություն կտա առավելապես կենտրոնանալ հենց այն դեպքերի վրա, երբ նման նշումով անձի դիմաց քվեարկելու մասին վկայող ստորագրություն լինի: Այս մոդելը մեծ հաջողությամբ կիրառվել է Վրաստանում:

֊ Քանի որ այլ անձանց փոխարեն քվեարկությունների դեպքերը չեն սահմանափակվում հանրապետությունից բացակայողների փոխարեն քվեարկությամբ, մենք գտնում ենք, որ մյուս կետերի բավարարման դեպքում կարող է լրացուցիչ կանխարգելիչ միջոցառում լինել նաև ընտրողներին մատնահետքերով նույնականացնող սարքավորումների ներդրումը, որոնք կունենա տեղամասի ընտրողների ցուցակում ներառված բոլոր անձանց մատնահետքերի բազան: Որպես այս համակարգի այլընտրանք, մենք կարող ենք համաձայնվել ընտրողների մատների թանաքոտմանը՝ անզեն աչքով չերևացող և մեկ օր հետո վերացող թանաքով:

֊ Մեր համոզմամբ, տարածքային վարկանշային ընտրական ցուցակները հնարավորություն կտան դրանցում ներառել տեղական (այդ թվում՝ կրիմինալ) հեղինակություններին, համայնքների ու հիմնարկների ղեկավարներին, ում ձայն տալու համար ընտրողները ստիպված կլինեն քվեարկել այդ անձանց ներկայացնող կուսակցությանը: Այստեղ պետք է հաշվի առնել, որ Հայաստանը ֆեդերացիա չէ, և չունի տարբեր ռեգիոնների շահերը խորհրդարանում հավասարաչափ մրցակցային կերպով ներկայացնելու խնդիր, իսկ խորհրդարանում քննարկվող հարցերը գրեթե միշտ կրում են համապետական բնույթ: Պարզ (փակ) համամասնական ցուցակի վերադարձը իր հետևից կվերացնի նաև նախագծով առաջարկվող գունավոր քվեաթերթիկների հետ կապված բոլոր խնդիրները:

֊ Ինչպես հայտնի է, տեղամասային հանձնաժողովներում հաճախ արձանագրվում են խախտումներ, որոնք ապացուցելը բավականին դժվար է լինում: Այդ խախտումների թվին են պատկանում լցոնումները, դիտորդների, լրագրողների ու վստահված անձանց գործունեության խոչընդոտումը, քվեարկության արդյունքների կեղծումը, քվեարկած քվեաթերթիկների հանումը տեղամասից, կուտակումները և այլն: Որպես նման խախտումների կանխարգելման և առավել դյուրին ապացուցման ու բացահայտման լավագույն եղանակ մենք տեսնում ենք տեղամասերում պետության կողմից տեսախցիկների տեղադրումը, որոնք ոչ միայն կհավաքագրեն նկարահանվածը, այլև կհեռարձակեն այն համացանցով: Յուրաքանչյուր տեղամասում 1 տեսախցիկ պետք է հսկի տեղամասի մուտքը դրսի կողմից, 1 տեսախցիկ՝ քվեատուփն ու դրա պատասխանատու հանձնաժողովի անդամին, 2 տեսախցիկ՝ ընտրողների գրանցող ու քվեաթերթիկ հատկացնող հանձնաժողովի անդամներին, 1 տեսախցիկ ընդհանուր տեղամասային կենտրոնը: Քվեարկության արդյունքների ամփոփման (հաշվարկի) ժամանակ՝ բացի դուրսը հսկող տեսախցիկից, մյուս 4-ը պետք է վերադասավորվեն այնպես, որ, որ արտացոլեն քվեները հաշվելու ամբողջ ընթացքը (ծրարները քվեատուփից հանելու, բացելու, քվեաթերթիկներն ուսումնասիրելու, քվեաթերթիկները խմբերի բաշխելու, քվեարկության վերջնական արձանագրության կազմելու, ստորագրելու և ընտրական փաստաթղթերի փաթեթավորելու գործընթացը):

Հայտարարությունն ուղարկվել է Ազգային ժողովում ներկայացուցիչ ունեցող բոլոր կուսակցություններին։ Հայտարարության տակ ստորագրել են․

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Ընդդեմ Իրավական Կամայականության» ՀԿ

«Իրավունքի Եվրոպա» միավորում ԻՀԿ

«Էլեկտրիկ Երևան» ՀԿ

Ժողովրդավարության Ազգային Պլատֆորմ