Հայաստանի տնային տնտեսությունների 28%-ը, որևէ ցնցումի ենթարկվելու պարագայում, կարող է հայտնվել պարենային անապահով դառնալու վտանգի տակ: Այս մասին ասված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ), ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) կողմից համատեղ մշակված զեկույցում, որի արդյունքները հիմնված են 2008–2014թթ. Տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտությունների վրա։
Զեկույցի համաձայն, Հայաստանում 5 տարեկանից փոքր երեխաների 19%-ը թերաճ ունի, իսկ գրեթե 15%-ը՝ գերքաշ: Թերաճությունը պայմանավորված է քրոնիկ թերսնուցմամբ և դրսևորվում է երեխաների՝ իրենց տարիքի համեմատ կարճահասակությամբ: Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ թերսնուցումը, համադրված սննդարար միկրոտարրերի անբավարարությամբ, հանրային առողջապահական լուրջ խնդիր է։
Բացի դա, Հայաստանում տնային տնտեսությունների մոտ 15%-ը 2010 թվականից ի վեր պարենային անապահով են եղել, իսկ մի զգալի մասը պարենային անապահով դառնալու վտանգի տակ են:
«Սովը գին ունի։ Նախկինում կատարված միջազգային հետազոտությունները ցույց են տվել, որ երեխաների թերսնուցումը, առողջապահական ծախսերի աճի և ցածր արտադրողականության հետևանքով, բացասական ազդեցություն է ունենում երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ ) վրա: Այն նաև ավելացնում է կրթական ծախսերը: Պարենային անապահով տնային տնտեսություններն ավելի քիչ կրթված անդամներ ունեն և իրենց ընդհանուր եկամտի ավելի փոքր մասն են հատկացնում կրթությանը», ֊ այսօր Երևանում զեկույցը ներկայացնելու ժամանակ ասել է Հայաստանում ՊՀԾ ներկայացուցիչ Պասկալ Միշոն:
Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը նշել է, որ
թերսնուցումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ երեխաների հետագա կյանքում և կարող է ազդել նրանց մտավոր և ֆիզիկական զարգացման, ուսումնական ձեռքբերումների, ինչպես նաև առողջության ու արտադրողականության վրա․ «Հղիության և վաղ մանկության շրջանը՝ կյանքի առաջին 1000 օրը, հատկապես էական են, ինչը նշանակում է, որ մենք պետք է սնուցումը բարելավելու ձևեր գտնենք ոչ միայն վաղ տարիքի երեխաների, այլ նաև մայրերի համար: Առանց սննդարար ուտելիքի հասանելիության և առանց դրա կարևորության մասին տեղեկացվածության, մենք չենք կարող ակնկալել առողջ, ուժեղ և գործունյա բնակչություն»:
Հայաստանում ՄԱԿ-ի մշատական համակարգող Բրեդլի Բուզետտոնն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանում շատ բարձր է 5 տարեկանից ցածր երեխաների թերաճության ցուցանիշը․ «Թերաճությունը ազդեցություն է ունենում տուժած երկրների տնտեսական զարգացման վրա՝ ՀՆԱ-ի հետ ունեցած իր հարաբերակցության պատճառով: Ես վստահ չեմ, որ մարդիկ գիտակցում են այդ ցուցանիշի բարձրության աստիճանը»։