Մարտի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի գործադիր մարմնի և հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչներին, մի շարք անհատ բարերարներին պարգևատրել է պետական բարձր պարգևներով Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև բարեգործական ակտիվ գործունեության համար: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Պարգևատրվածների թվում է Սերժ Սարգսյանի հարազատ եղբայրը՝ «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Լևոն Սարգսյանը, ով ստացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ։ Համաձայն ընթացակարգի, այդ մեդալը շնորհվում է այն անձանց, ովքեր հայրենիքին նշանակալի ծառայություններ են մատուցել։
Մյուսների պարգևներն ավելի համեստ են եղել։ Մասնավորապես, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել է «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Շահե-Հակոբ Կարամանուկյանը: Երախտագիտության մեդալի են արժանացել բարերար Սարգիս Կազանչյանը, Վիգեն Չանփարջին, Արթին Վարդանյանը և Արուշ Եսայանը:
Իր ելույթում Սարգսյանը նշել է, որ «Փյունիկ» հիմնադրամն անցած տարիների ընթացքում տարբեր ոլորտներում բարեգործական բազմաթիվ ծրագրերի իրականցման նպատակով զգալի միջոցներ է ներդրել, որն արդեն մոտենում է հարյուր միլիոն ԱՄՆ դոլարի սահմանին։ Նա կարևոր է համարել ոչ այնքան այն, թե որքան գումարներ են ծախսվել, այլ ««Փյունիկ»-ի հոգաբարձուների խորհրդի, անդամների, համակիրների կամեցողությունն ու շատ որոշակի գործերով ակտիվ մասնակցությունը մեր երկրի խնդիրների լուծմանը»: