Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի համաձայն գազի գինը նվազելու է մոտ 12 տոկոսով, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Թերթը հիշեցնում է, որ ներկայում Հայաստանին ռուսական գազի յուրաքանչյուր հազար խորանարդ մետրը մատակարարվում է 165 դոլարով: Գնի 12 տոկոսով նվազման դեպքում՝ 1000 խմ-ի գինը կդառնա 145-146 դոլար:
«Սա առայժմ նախնական պայմանավորվածություն է և եթե դառնա վերջնական, ապա այդ մասին կհայտարարվի մոտ 10 օրից՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարելիք այցի ժամանակ: Գնի շուրջ վերջնական պայմանավորվածությունների գալու դեպքում՝ նոր գինը կսկսի գործել «հետին ամսաթվով»՝ ապրիլի 1-ից:
Սպասվում է նաև, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն շտապ նիստ կգումարի և կնվազեցնի նաև ներքին սպառողներին մատակարարվող գազի սակագինը: Այն կարող է նվազել մինչև 10 դրամով և կազմել 146 դրամ մեկ խմ-ի դիմաց (հիմա 156 դրամ է): Կնվազեցվի նաև խոշոր սպառողներին մատակարարվող գազի սակագինը՝ ներկայիս 272 դոլարից (1000 խմ-ն) հասցվելով 260 դոլարի», ֊ գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում