Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի նախկին սան Հրայր Եզեկելյանի բռնաբարության մեջ մեղադրվող Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան վանքի տեսուչ Հայր Խադ վարդապետ Ջունդուրյանը երեք շաբաթ առաջ հեռացվել է պաշտոնից։ Նրա փոխարեն վանքի տեսուչ է նշանակվել Հայր Ասպետ վարդապետ Պալյանը, գրում է Azatutyun.am-ը։
Կայքի փոխանցմամբ՝ փետրվարի 29-ին Իսրայելի 10-րդ հեռուստաալիքի «Անցյալի դևերը» վերնագրով 15 րոպեանոց վավերագրական ֆիլմի ցուցադրումից հետո Երուսաղեմի Հայոց պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի և Տնօրեն ժողովի որոշմամբ ստեղծվել է հատուկ հանձնախումբ ներքին հետաքննություն կատարելու համար։
Նշենք, որ ֆիլմում այժմ 38-ամյա Հրայր Եզեկելյանը պնդում է, որ 2 տասնամյակ առաջ, երբ ինքը վարժարանի աշակերտ էր, 3 հայ հոգևորականներ իր հանդեպ սեռական ոտնձգություններ են թույլ տվել։
Նա երեք հոգևորականների անուն է տվել՝ Հայր Խադ վարդապետ Ջունդուրյանի, Հույն ուղղափառ եկեղեցու Սան Պաուլուի համայնքում (Բրազիլիա) պաշտոնավարող Հայր Դեմետրիոս Աթարյանի և վերջին տարիներին Ֆրանսիայում բնակված և մարտի 15-ին մահկանացուն կնքած Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանի անունները։