Ադրբեջանական կողմը երեկ հայկական շտապօգնության մեքենա է ոչնչացրել, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
«Բարեբախտաբար անձնակազմը մեջը չի եղել, նրանք դրսում էին և փորձում էին իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնել՝ վիրավորներին օգնել, և այդ պահին խոցել են», – ասաց Բաբայանը։
ԼՂ նախագահի մամուլի խոսնակի պնդմամբ՝ ադրբեջանական կողմը դիտավորյալ է հարվածել շտապօգնության մեքենային․ «Անօդաչու թռչող սարքը եղել է այնտեղ, տվել է համապատասխան սիգնալը, և նրանք խփել են։ Այսինքն՝ իրենք գիտեին, որ դա շտապօգնության մեքենա է, բայց դիտավորյալ խփել են, հույս ունեին, որ այնտեղ կլինեն վիրավորներ և այլն, ավելի շատ զոհ կլինի։ Իրենք տեսնում էին, որ դա ռազմական մեքենա չէ, այն առանձնանում է իր տարբերանշանով, գույներով, և ոչ միայն հայերենով է գրված շտապօգնության մեքենա, այլև անգլերենով և ռուսերենով», – ասել է Բաբայանը։