Հայկական կողմը դեմ չէ, որ Արցախում տեղակայվեն խաղաղապահ զորքերը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ասել է ԱԺ֊ում մեծամասնություն ունեցող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա նշել է, որ հայկական կողմը խաղաղապահների տեղակայման հեռանկարից առանձնապես ոգևորված չէ՝ «պարզապես դեմ չի արտահայտվել»։
Այն հարցին, թե միջազգային հանրությունից ով խոսում խաղաղապահների մասին՝ ռուսակա՞ն, թե՞ ամերիկյան կողմը, Բաղդասարյանը պատասխանել է, թե ոչ մի կողմն էլ չի պնդում, ընդամենը նման քննարկումներ և առաջարկություններ կան։
Բաղդասարյանի հայտարարությանը զուգահեռ այսօր գերմանական պետական «Դոյչե Վելե» ռադիոկայանի կայքին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես նշել է, որ Հայաստանը դեմ չէ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայմանը։
«Մենք այն կարծիքին ենք, որ այս հակամարտությունը պետք է համապարփակ լուծում ստանա: Ընդհակառակը, մենք մեր համաձայնությունն ենք տվել համապատասխան փաստաթուղթ ստորագրելուն, որը նախատեսում է հակամարտության համապարփակ կարգավորում, այդ թվում նաև խաղաղապահ զորքերի տեղակայում, բայց ադրբեջանցիներն են հրաժարվել դրանից»,- լրագրող Նիկիտա Յոլկվերի հետ զրույցում ասել է Սերժ Սարգսյանը։
Նշենք, որ 2015-ի ապրիլին ռուսաստանյան մամուլում հրապարակումներ էին հայտնվել ղարաբաղյան հակամարտության գոտում ռուսաստանյան խաղաղապահներ տեղակայելու անհրաժեշտության մասին։ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանել էր այդ զրույցները․ «Ղարաբաղի ամենահզոր խաղաղապահ ուժերը Լեռնային Ղարաբաղի Պաշպանության բանակն է, որ այսօր իրականացնում է իր առջև դրված խնդիրները»: