Home / Հայաստան / Ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի վետերանները վառել են պրոթեզները վրաց֊ադրբեջանական սահմանին

Ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի վետերանները վառել են պրոթեզները վրաց֊ադրբեջանական սահմանին

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կայքը, հղում անելով ընթերցողներից մեկին, տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են մանրածախ առևտրով զբաղվող ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի վետերանները ապրիլի 8֊ին հերթական բողոքի ակցիան անցկացրել վրաց֊ադրբեջանական սահմանին գտնվող մաքսակետի մոտ՝ այրելով իրենց պրոթեզները։ Կայքը հաղորդում է նաև, որ ցուցարարներից մի քանիսը փորձել են կտրել իրենց երակները։

Վետերանները բողոքում են, որ մաքսատան աշխատակիցներն իրենց զրկում են ապրուստի միջոցներից՝ առգրավելով Վրաստանից Ադրբեջան ներկրվող ապրանքները կամ թույլ չտալով դրանց մուտքը երկիր։ Այս անգամ առևտրականներին թույլ չի տրվել Ադրբեջան ներկրել միրգ ու բանջարեղեն։

Նախորդ բողոքի ակցիան նույն մաքսակետի մոտ վետերաններն անցկացրել էին մարտի սկզբին, երբ մաքսայիններն առգրավել էին վաճառքի նպատակով Ադրբեջան ներկրվող օղին ու ծխախոտը։