Հայաստանում և Վրաստանում մարդիկ համակարծիք են՝ հիմնական խնդիրներն աղքատությունն ու գործազրկությունն են։
Ապրիլի 15֊ին Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ) – Հայաստանը հրապարակել է «Կովկասյան բորոմետր 2015»՝ 100 հարցից կազմված հանրային կարծիքի հետազոտությունը։ Հարցումն իրականացվել է Հայաստանի և Վրաստանի 4200 տնային տնտեսություններում՝ սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական և քաղաքական զարգացումների մասին հանրային կարծիքի վերաբերյալ։
Ըստ հարցումների արդյունքերի՝ 2 երկրներում էլ հանրությանն առավել հուզող խնդիրները աղքատությունն ու գործազրկությունն են։ Հայաստանում գործազրկությունը, որպես կարևոր խնդիր, մատնանշել են հարցվածների 40 տոկոսը, Վրաստանում՝ 51 տոկոսը։ Ի տարբերություն 2013 թվականի հետազոտության արդյուքնների՝ աճել է նաև իրենց երկիրը ոչ ժողովրդավարական համարողների թիվը՝ Հայաստանում՝ 32 տոկոս, Վրաստանում՝ 17 տոկոս։
Երկու երկրներում էլ հարցվածների շրջանում վստահության բարձր աստիճանով առանձնանում է բանակը․ Հայաստանում բանակի նկատմամբ վստահություն է հայտնել հարցվածների 76 տոկոսը, Վրաստանում՝ 74 տոկոսը։
Ի տարբերություն Վրաստանի (21 տոկոս), Հայաստանում ավելի շատ են Եվրասիական տնտեսական միության կողմնակիցները՝ 52 տոկոս։ Եվրոպական միությանն անդամակցելուն հավանություն է տվել Հայաստանում հարցվածների 37 տոկոսը, Վրաստանում՝ 41 տոկոսը։
Կենտրոնը նաև հարցրել է, թե մարդիկ որքանով են իրենց երջանիկ զգում․ 2 երկրներում էլ երջանկության միջին ինքնագնահատականը 1-ից 10 սանդղակով կազմում է մոտ 6.6 միավոր։