Աբովյան քաղաքի բնակիչ Սվետլանա Սարգսյանը 2001 թվականի նոյեմբերի 1-ից ստացել է կերակրողին կորցնելու կենսաթոշակ իր որդու՝ ղարաբաղյան պատերազմում անհայտ կորելու հիմքով: 2014 թվականից, սակայն, դադարեցվել է կենսաթոշակի գումարի վճարումը: Սարգսյանը դիմել է Վարչական դատարան՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու և նախկինում չվճարված գումարներն իրեն տրամադրելու պահանջով:
Կորած զինծառայողի մայրը Epress.am֊ին պատմել է, որ իր որդին՝ Ռոբերտ Մխիթարյանը, 1992 թվականի մայիսի 15-ին կամավոր մեկնել է Լեռնային Ղարաբաղ՝ մասնակցելու պատերազմին, սակայն այդպես էլ չի վերադարձել: 1997 թվականին Սարգսյանը Պաշտպանության նախարարությունից տեղեկանք է ստացել այն մասին, որ իր որդին անհայտ կորել է Լեռնային Ղարաբաղում: Տեղեկանքի հիման վրա մայրը 2001 թվականից ստացել է կերակրողին կորցնելու կենսաթոշակ:
«2014-ից, սակայն, դադարեցրեցին թոշակ տալ: Քրեական գործ հարուցվեց, թե էդ տեղեկանքը, որը Մ․Մալխասյանը (1997 թվականին ՊՆ Զինծառայողների սոցիալական պաշտպանության (ԶՍՊ) վարչության պետ-խմբ․) տվել է, որ որդիս անհետ կորել է, կեղծ է։ Հետո գործը փակեցին, կարճվեց, քանի որ ապացուցվեց, որ կեղծ չի տեղեկանքը: Բայց հետո էլի թոշակ չտվեցին», – պատմել է Սարգսյանը:
Վերջինս 2015 թվականին դիմել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու համար։ Պատասխան նամակում զինծառայողի մորը հայտնել են, որ պետք է դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, քանի որ պարգևավճարները այսուհետև տալու է այդ նախարարությունը։ Դրա հետ մեկտեղ ՊՆ֊ն նշել է, որ Սարգսյանը թոշակ ստանալու իրավունք չունի։
Ապրիլի 27-ին Վարչական դատարանում դատավոր Կարեն Ավետիսյանի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստը հնարավոր չի եղել լիարժեք անցկացնել, քանի որ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Մանիկ Սանթրոսյանը (լուսանկարում՝ ձախից), ինչպես ինքն է ընդգծել, «ապրիլյան իրադարձություններով պայմանավորված գործերին լիովին չի ծանոթացել»։
«Հարգելի՛ ՊՆ-ի ներկայացուցիչ, ընդունե՞մ օբյեկտիվ, որ դուք չեք հասցրել ծանոթանալ գործին ներսում-դրսում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված, թե՞․․․», – ասել է դատավորն այն բանից հետո, երբ Սանթրոսյանը իր և Սարգսյանի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանի հարցերին լիարժեք չի պատասխանել։
Կարեն Ավետիսյանը, այնուամենայնիվ, մի շարք հարցեր է ուղղել ՊՆ ներկայացուցչին, մասնավորապես, հետաքրքրվելով, թե այն ժամանակ, երբ պարզ է դարձել, որ Մխիթարյանի անհետանալու մասին տեղեկանքը կեղծ չէ, ինչո՞ւ չի շարունակվել կենսաթոշակի տրամադրումը։
Սանթրոսյանի խոսքով՝ կենսաթոշակի տրամադրումը դադարեցվել է ոչ թե կեղծ տեղեկանքի, այլ գործերում կարևոր մեկ այլ տեղեկանքի բացակայության պատճառով։
«Կենսաթոշակի տրամադրումն ի սկզբանե սխալ է եղել։ Ինձ անհայտ պատճառներով տրվել է կենսաթոշակը, բայց երբ 2014 թվականին ուսումնասիրվել են Սարգսյանի որդու գործերը, բացահայտվել է, որ այնտեղ չկա այն տեղեկանքը, որի հիման վրա տրվում է կենսաթոշակը․․․ գուցե եղել է ինչ-որ տեղեկանք, բայց հետո անհետացել է, մենք տեղյակ չենք։ Իսկ դա տեղեկանք է, որը տալիս է զորամասի հրամատարությունը՝ անձի զոհվելու տեղի և ժամանակի մասին», -ասել է Սանթրոսյանը։
Դատավորը հարցրել է՝ ինչպես կարող էր Սարգսյանը ձեռք բերել նման տեղեկանք, երբ վերջինիս որդին անհետ կորել է։
«Եթե մարդը անհայտ կորում է, այդ ինչպե՞ս եք որոշում, թե ինչ պայմաններում է մահացել։ Դուք ասում եք, որ հրամանատարության կողմից տրված տեղեկանքով են որոշում։ Էդ ո՞նց, տեսականորեն պատկերցնու՞մ եք, որ ինչ-որ մեկը կարող է տեղեկանք տալ, թե ճիշտ է՝ ես գիտեմ, որ ինքը անհայտ կորած է, ես չգիտեմ, թե որտեղ է կորել, բայց ես գիտեմ որտեղ ու որ ժամին է նա մահացել», – ասել է դատավորը։
Ավետիսյանը փորձել է ճշտել նաև, թե ինչ իրավական հիմքով է Սարգսյանը զրկվել կենսաթոշակի իրավունքից։ Սանթրոսյանի խոսքով՝ իր մոտ նման փաստաթուղթ չկա, սակայն երբ ինքը գնա ԶՍՊ վարչություն, կարող է հարցնել ու հետո պատասխանել՝ արդյոք կա նման փաստաթուղթ, թե ոչ։
«Հնարավո՞ր է, որ օբյեկտիվ իրականության մեջ հանկարծ հայտնվի մի ակտ, որտեղ նշված լինի, որ պետք է դադարեցնել կենսաթոշակի իրավունքը։ Եթե հանկարծ հաջորդ դատական նիստում պարզվի, որ օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունի այդպիսի ակտ, Դուք ինձ պետք է բացատրեք՝ ոնց հայտնվեց այդպիսի ակտ, երբ հիմա ասում եք, որ չկա», – հեգնել է դատավորը։
Հաջորդ հարցով դատավորը փորձել է ճշտել, թե ով է դադարեցրել կենսաթոշակի տրամադրումը։
«Կենսաթոշակի վճարումը դադարեցվել է զինկոմիսարիատի բաժնի պետի կողմից․․․ես չգիտեմ էլ, էդ որ բաժնի պետն ա, իմ տվյալներով նման անձնավորություն չկա», – ասել է ՊՆ ներկայացուցիչը։
«Կարո՞ղ է հանկարծ պահեստապետն է», – շարունակել է հեգնել դատավորը։
Տեսնելով, որ, այնուամենայնիվ, ՊՆ ներկայացուցիչը հիմնականում հարցրերին չի կարողանում պատասխանել, դատավորը հետաձգել է դատական նիստը։
Նիստի ավարտից հետո հայցվորի ներկայացուցիչը Տաթևիկ Սիրադեղյանը ասել է, որ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորածների զինծառայողների ընտանիքները, ըստ օրենքի, իրավունք ունեն ստանալ կերակրողին կորցնելու կենսաթոշակ։ Իսկ այն, որ Սարգսյանի որդին իրոք անհայտ կորել է, հաստատվում է նաև փաստաթղթերով։
«Համաձայն ՀՀ ՊՆ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի՝ Մխիթարյանը 1992 թվականի մայիսի 21-ից հաշվառված է որպես անհայտ կորած և նշվածը հիմք է կենսաթոշակի վճարումը վերականգնելու», – պնդել է Սիրադեղյանը: