Թուրքական ապրանքներից հրաժարվելը «Ուռա հայրենասիրություն» ոլորտից է: Այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Պատգամավորն անդրադարձել է ԱԺ֊ում վերջին քառօրյայում տեղի ունեցած՝ թուրքական ապրանքների ներմուծումը սահմանափակելու կամ արգելելու մասին քննարկումներին։ ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը նշել էր, որ Կառավարությունն այդ խնդրի շուրջ առաջարկություններով հանդես կգա։
«Սա այն դեպքն է, որ նման սանկցիաներ կիրառելիս հիմնականում կտուժենք մենք: Մենք քիչ բան ենք նշանակում թուրքական արտադրողի համար… մենք սնվում ենք թուրքական բյուջեից և հրաժարվելը կլինի ամենահիմար որոշումը: Երբ իշխանությունը սկսում է անցնել «ուռա հայրենասիրական» դիրքերի, նշանակում է՝ իշխանությունը տալու ոչինչ չունի, անալիտիկ մտածողությունն այնտեղ վերացել է: Որոշ ապրանքներ կան, որոնք կարող են փոխարինվել, դա ուրիշ հարց է: Իսկ ընդհանուր, գլոբալ տեսակետից կտուժի միայն Հայաստանն, ինչպես Ռուսաստանը, որը թուրքական սննդամթերքի նկատմամբ սանկցիաներ կիրառեց և իր դրությունը վատթարացրեց», – ասել է Բագրատյանը: