Մայիսի 5-ին կայանալիք ՀՀ կառավարության նիստում քննարկվելու է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը։
Նախագիծը կառավարությանը ներկայացնելու է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Գործադիրի կողմից հավանության արժանանալու դեպքում օրինագիծն ուղարկվելու է Ազգային ժողով։
Փոստանջյանի և Բագրատյանի օրենքի նախագիծը երկու հոդված է պարունակում․
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Իրենց հիմնավորման մեջ պատգամավորները, մասնավորապես, նշում են, որ օրենքի նախագծի ընդունմամբ «Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով նրանից, որ Արցախի Հանրապետությունը բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմաններին»:
Բացի դա, անկախության ճանաչումը հիմնավորող կետերից մեկում նշվում է, որ Արցախի Հանրապետությունը, իբրև ԽՍՀՄ ապագաղութացման սուբյեկտ, նախկին միութենական հանրապետությունների նման իր անկախությունը նվաճել է միջազգային իրավունքի սկզբունքներին և ԽՍՀՄ իրավական նորմերին համահունչ, մասնավորապես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա, իսկ այսօր Արցախի Հանրապետությունը` իբրև անկախ պետություն, կայացած իրողություն է։
«Սույն օրենքի ընդունմամբ, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունը չի բացառում Արցախի Հանրապետության ժողովրդի կամոք այլ կարգավիճակի սահմանումը` այն հանրաքվեով ամրագրելու պարագայում: Արցախի ազգաբնակչության կողմից նման որոշում ընդունելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը կնպաստի դրա կենսագործմանը», ֊ եզրափակում են պատգամավորները: