Մայիսի 5-ին «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության կայքը տեղեկություն էր տարածել, որ ժամկետային զինծառայող, Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի բնակիչ, ազգությամբ եզդի Տոսուն Ամոյանին առանց վիրահատելու և համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու ուղարկել են Լեռնային Ղարաբաղ: Epress.am-ը, հղում անելով կայքին, գրել էր այդ մասին։
Բացի այդ՝ կայքը հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ զինծառայողի հայրը հայտնում է, որ որդին ունի ձեռքերի հիվանդություն, սակայն նրան տարել են Լեռնային Ղարաբաղ։ Հայրը նշել էր, որ իր միակ խնդրանքն է, որ որդուն վիրահատեն։
Երեկ Epress.am-ի լրագրողը զանգահարել էր «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազիին (նկարում)՝ տեղեկանալու զինվորի առողջական վիճակի մասին։
Վերջինս լրագրողին հայտնել է, որ երեկոյան կարող է տեղեկություններ հայտնել։ Այնուհետև մեր զանգերին Մուրազին չի պատասխանել։
Այսօր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Մուրազին գրել է․ «Ուրեմն Epress.am-ը վերցրել էր մեր կայքից զինվորի հոր խոսքերը և այն ներկայացրել մեր կազմակերպության անունից (Epress.am-ը գրել է․ DengeEzdia.com-ի հետ զրույցում ասել է զինծառայողի հայրը – խմբ․)․․․ հերիք չի կեղծել են ինֆորմացիան այլ նաև երեկ լրագրողին տեղեկացնելուց հետո չեն փոխել և չեն դրել իրականությունը (Epress.am-ի հետ այդպիսի զրույց չի եղել – խմբ․)․․․ բացի դրանից չեն դրել նաև այն տեղեկատվությունը, որ հրապարակել էինք․․․ որտեղ Արծրուն Հովհաննիսյանը ասում է, որ զինվորին հետ են բերելու Երևան․․․ես հասկանում եմ ինչի է արվում էս կեղծումը»։
Նշենք, որ զինվորի՝ Արցախ տեղափոխման լուրից հետո Մուրազին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել էր dengeezdia.com-ի նյութը, որում ՊՆ մամլո-խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է Ամոյանին Երևան տեղափոխման հրահանգի մասին։ Այս նյութը Մուրազին հրապարակել է հետևյալ մեկնաբանությամբ․ «Չգիտեմ ով ոնց, ես Արծրունի աշխատանքը շատ եմ հարգում…»։