«Ասել են՝ մթերված խաղողի փողը կտանք, բայց չեն ասել, որ թվի, որ ամսի, որ օրը կտան»։
Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչ, խաղողագործ Զաքար Պետրոսյանը պնդում է՝ խաղողագործները այլևս չեն հավատում խոստումներին, թե մթերված խաղողի դիմաց առկա ամբողջական պարտքը կմարվի։
«Ասել էին՝ մայիսի 10-ին կտանք, բայց խոստացված ժամկետը կրկին խախտել են, խաբեցին․ էդ մարդիկ չեն տալիս գումարները․․․ոչ մի տեղից պատասխան չեն տալիս․ զանգում ենք գինեգործին ասում է՝ մի երկու օր համբերեք․․․ մեկ ասացին 3-ին կտանք, մեկ՝ 6-ին, մեկ՝ 10-ին, հիմա էլ՝ 12-ին։ Մարդ կա մի 100-150 հազար ստացել է, մարդ էլ կա՝ ոչ մի բան չի ստացել», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Պետրոսյանը։
Վերջինս պատմել է նաև, որ գյուղի բնակիչներով գրեթե ամեն օր հավաքվում են գյուղամեջում՝ որոշելու իրենց հետագա քայլերը։ «Դե քննարկում ենք՝ ինչ անել, բայց խառը, պատերազմական վիճակ է, ով մեր ձենը կլսի», – ասել է խաղողագործը։
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչներն 2015 թվականի աշնանն առատ բերքի պայմաններում ստիպված են եղել խաղողի կիլոգրամը Քաղցրաշենի գինու գործարանին հանձնել անգամ 40 դրամով, սակայն մինչ օրս գումարները չեն ստացել։ Նրանք պարբերաբար բողոքի ցույցեր են անցկացրել ՀՀ կառավարության շենքի և նախագահական նստավայրի մոտ։ Գյուղացիների հավաստմամբ՝ գործարանի տնօրինությունից իրենց ասել էին, թե գումարները կտան 2016 թվականի՝ մարտ-ապրիլ ամիսներին։ Քաղցրաշենում խաղողը մթերել էր «Վինար» գործարանը, որի սեփականատերը ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն է։