«Հայկական ժամանակ» օրաթերթը հայտնում է, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն օրերս հրաման է ստորագրել, համաձայն որի՝ ավագ դպրոցում մեծանալու է թույլատրելի բացակայությունների շեմը։
Ամիսներ առաջ որոշվել էր 11֊րդ և 12֊րդ դասարանցիների դեպքում 200 դասաժամից այդ շեմն իջեցնել 80֊120֊ի։ Նպատակն էր լուծել ավագ դպրոցում, հատկապես նշված դասարաններում բացակայությունների լրջագույն խնդիրը, որովհետև աշակերտները նախընտրում էին դպրոց հաճախելու փոխարեն կրկնուսույցների մոտ պարապելու գնալ։
Նախարարության այդ խստացումը ենթադրում էր, որ 80֊120 դասաժամ բացակայած աշակերտը Գնահատման և թեստավորման կենտրոնում պետք է քննություն հանձներ, իսկ 120֊ից ավելիի դեպքում՝ մնար նույն դասարանում։ «Այժմ, սակայն, ԿԳ նախարարությունն այլ մարտավարություն է որդեգրել։ Այստեղ կարծում են, որ աշակերտներին դպրոց բերելու, նրանց մեջ դասերի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու տարբերակներն այլ տեղ պետք է փնտրել»,֊ գրում է թերթը։
ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը երեկ «ՀԺ»֊ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է, որ վերոնշյալ հրամանն ուղարկվել է արդարադատության նախարարություն՝ գրանցման, որից հետո այն անմիջապես կսկսի գործել։
«Ասել է թե՝բացակայությունների քանակին առնչվող նոր պայմանները կիրառելի կլինեն ոչ թե նոր ուստարվանից, այլ մինչև ընթացիկ ուսումնական տարվա ավարտը, որպեսզի դպրոցներում առավելագույնս խուսափեն բացակայությունների պատճառով աշակերտներին նույն դասարանում թողնելուց, մանավանդ որ, ըստ Նարինե Հովհաննիսյանի, գրիպի սեզոնից սուր շնչառական վարակների տարածվածության պատճառով նույնպես հաճախումների խնդիր է եղել»,֊ եզրափակում է թերթը։
Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից