2015 թվականի մայիսի 20֊ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի գործով կալանավորվածները գաղտնի խոսակցություն են ունեցել, որն ԱԱԾ֊ի կողմից ձայնագրվել և օգտագործվել է։ Ձայնագրությունից պարզ է դարձել, որ գործով ձերբակալված՝ 2013 թվականի հունիսի 1-ին Սյունիքի մարզպետի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը՝ Արա Բուդաղյանը, կապ չունի միջադեպի հետ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Սյունիքի մարզի բնակիչներ Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը և Արա Բուդաղյանը Խաչատրյանի դեմ մահափորձ իրականացնելու կասկածանքով կալանավորվել էին անցած տարվա հուլիսին։ Ձերբակալվածներից երեքը՝ Բուդաղյանը, Աթաջանյանն ու Մինասյանը, չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, իսկ Հենրիկ Ավագյանը ընդունում է, որ ինքն է կրակել մարզպետի մեքենայի ուղղությամբ, սակայն ոչ թե սպանելու, այլ՝ վախեցնելու նպատակով։
«Ժողովուրդ»֊ը հաղորդում է, որ Ավագյանն ու Աթաջանյանը Ազգային անվտանգության ծառայության սենյակներից մեկում գաղտնի խոսակցություն են ունեցել մարզպետի դեմ մահափորձի թեմայով, որի ձայնագրությունում լսվում է, թե ինչպես է Ավագյանն Աթաջանյանին ասում՝ ինքն է անձամբ կատարել մահափորձը, իսկ Արա Բուդաղյանն «այս ամենի հետ կապ չունի, ու, առհասարակ, ինչու են այդ տղային անիմաստ պահում»։ Իր ցուցմունքում, շարունակում է թերթը, Ավագյանը նույնպես պնդել է, որ Բուդաղյանը որևէ կապ չունի սպանության փորձի հետ։
ԱԱԾ-ի քննիչները, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ամեն կերպ այս ընթացքում փորձել են փաստեր գտնել, որոնք կապացուցեն, որ Արա Բուդաղյանը կատարվածի հետ կապ ունի, սակայն՝ ապարդյուն․ «Անգամ գաղտնալսումները չեն օգնել։ ԱԱԾ ղեկավարությունը փակուղում է հայտնվել։ Մեղադրանքը չի հաստատվում, ոչ էլ կարող են մարդուն տասը ամիս անազատության մեջ պահելուց հետո ազատ արձակել, կարծես՝ ոչինչ չի պատահել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։