Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ հասարակության վերաբերմունքը ավելի ու ավելի բացասական է դառնում, իսկ պետությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում երևույթը վերացնելու համար: Այս մասին ասված է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (Փինք Արմենիա) հասարակական կազմակերպության՝ «ԼԳԲՏ անձանց իրավունքների իրավիճակը Հայաստանում» 2015 թվականի ամփոփիչ զեկույցում:
2015 թվականը հատկապես, ըստ հեղինակների, ԼԳԲՏ անձանց իրավունքների համար անկման տարի էր, քանի որ նոր ընդունված Սահմանադրությամբ ամուսնությունն սահմանվեց միություն՝ բացառապես կնոջ և տղամարդու միջև։ Բացի դա, ԼԳԲՏ անձանց և նրանց աջակիցների դեմ ատելության ալիք բարձրացավ անցած տարվա հոկտեմբերին, երբ Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Ծիածան» ֆորումը, և հրապարակվեց դրա մասնակիցների մի մասի նկարը։ Սոցիալական կայքերում լրատվամիջոցների տարածած հրապարակումների տակ բազմաթիվ օգտատերեր սպառնալիքներ հնչեցրեցին ֆորումի մասնակիցների հասցեին, ընդհուպ մինչև սպանության կոչեր։
Սպառնալիքների հարցով մի քանի անգամ Փինք Արմենիա կազմակերպությունը դիմել է իրավապահ մարմիններին, սակայն քննչական կոմիտեում քրեական գործի հարուցումը մերժվել է ՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
Անդրադառնելով ԼԳԲՏ անձանց նկատմամբ բացասական վերաբերմունքին քրեակատարողական հիմնարկներում, զինված ուժերում և այլ պետական կառույցներում՝ զեկույցը նշում է, որ ինչպես նախորդ տարիներին, ՔԿՀ-ներում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն են կատարում հիմնարկների ամենակեղտոտ և «ոչ հարիր»՝ զուգարանների և այլ տարածքների մաքրության աշխատանքները: Նույնասեռական դատապարտյալները հաղորդում են, որ իրենց դեմ ոտնձգությունների մեջ մեղքի բաժին ունեն կալանավայրի աշխատակիցները, որոնք, իմանալով իրենց նկատմաբ ճնշումների մասին, լռում են կամ աջակցում դրանց:
ԼԳԲՏ անձանց վիճակը շարունակում է խոցելի մնալ նաև ՀՀ զինված ուժերում: Զեկույցում ներկայացված են օրինակներ, երբ անձը շարունակաբար շանտաժի է ենթարկվել իր ծառայակիցների կողմից, երբ իմացել են նրա սեռական կողմնորոշման մասին: Ոստիկանության բաժանմունքներում վատ վերաբերմունքի մասին, զեկույցի համաձայն, վկայում է այն, որ ԼԳԲՏ անձանց բողոքը լսելու փոխարեն՝ ոստիկանները հաճախ ծաղրի են ենթարկել նրանց՝ սեռական կողմնորոշման պատճառով։
2015֊ին չի նվազել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ պետական պաշտոնյաների բացասական վերաբերմունքը, ինչը, հեղինակների խոսքով, երևում է թե՛ իշխող Հանրապետական կուսակցության, թե՛ խորհրդարանական այլ խմբակցությունների անդամների ելույթներից։
Երկրում առկա են նաև ԼԳԲՏ անձանց պաշտպանության հետ կապված բազմաթիվ օրենսդրական խնդիրներ։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունը դեռ չի ընդունել խտրականության դեմ պայքարի առանձին օրենք, որը հնարավորություն կտա սահմանելու խտրականություն հասկացությունը, դրա տեսակները, խտրականության ենթարկված անձանց իրավական պաշտպանության միջոցները և եղանակները։
ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածը սահմանում է ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու արգելք։ Հոդվածը, սակայն, չի ներառում անձի սեռական կողմորոշման հիմքով ատելության սերմանման արգելք, իսկ ԼԳԲՏ անձանց՝ իրենց իրավունքները հավասարության պայմաններում իրացնելու համար մնում է ապավինել միայն ՀԿ-ներին։
Շատ դեպքերում, զեկույցի համաձայն, ԼԳԲՏ անձինք, խուսափելով իրենց բողոքը պետական մարմիններին ներկայացնելուց, դիմել են անմիջապես իրավապաշտպան կազմակերպություններին։ 2015 թվականին ԼԳԲՏ մարդկանց իրավունքների ոտնահարման առնչությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ է դիմել ընդամենը 2 հոգի, իսկ Փինք Արմենիա՝ 46 մարդ։