Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործները ոչ միայն այլևս չեն հավատում, որ նախորդ տարի մթերված խաղողի դիմաց կստանան իրենց հասանելիք գումարները, այլև համոզված են՝ այսուհետև ոչ մի գործարան քաղցրաշենցիներից խաղող չի վերցնի։ Epress.am-ի հետ զրույցում այս մասին ասել է խաղողագործ Զաքար Պետրոսյանը՝ հավելելով, որ գյուղացիների մի մասն այնքան է հուսահատվել, որ այլևս չի ցանկանում պայքարել գումարների համար։
«Շաբաթ օրը պետք է 25 միլիոն բաժանեին, բայց էլի խաբեցին։ Ժողովուրդը նստել է, չգիտի ինչ անի։ Ասում են արդեն՝ դե թքած էլ էդ փողի վրա», – ասել է Պետրոսյանը։
Վերջինս, նշել է, որ ինքը այլևս չի պատրաստվում խաղող մթերել և այս տարի ստացված բերքը սառնարանում է պահելու։
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչները 2015 թվականի աշնանն առատ բերքի պայմաններում ստիպված են եղել խաղողի կիլոգրամը Քաղցրաշենի գինու գործարանին հանձնել անգամ 40 դրամով, սակայն մինչ օրս գումարները չեն ստացել։ Նրանք պարբերաբար բողոքի ցույցեր են անցկացրել ՀՀ կառավարության շենքի և նախագահական նստավայրի մոտ։ Գյուղացիների հավաստմամբ՝ գործարանի տնօրինությունից իրենց ասել էին, թե գումարները կտան 2016 թվականի՝ մարտ-ապրիլ ամիսներին։ Քաղցրաշենում խաղողը մթերել էր «Վինար» գործարանը, որի սեփականատերը ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն է։