102 կողմ, 17 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստի ընթացքում 3-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագիծը։
Քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ ընդունված ԸՕ-ը չի լուծում ԵԱՀԿ-ի առաջարկների կատարման հետ կապված հանրության և քաղաքական ուժերի բարձրացրած հարցերից ոչ մեկը․ «Այդ պատճառով մենք դեմ ենք քվեարկելու՝ ըմբռնումով, որ կշարունակվեն աշխատանքները կոնսենսուսի ձեռք բերման ուղղությամբ»:
ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը նշել է, որ հաշվի չեն առնվել իրենց կողմից առաջադրած կարևորագույն հարցեր. «Հետո ինքներդ փոշմանելու եք, որ ընդդիմությանն այդքան նեղացնում եք»:
Նշենք, որ, ըստ նախագծի, մասնավորապես, 41 ընտրատարածքների փոխարեն լինելու են 13 ընտրական տարածքներ՝ 4-ը Երևանում, 9-ը մարզերում: Բացի Երևանից, նաև Գյումրիի և Վանաձորի ավագանիները կընտրվեն համամասնական ընտրակարգով, իսկ քաղաքապետերը կընտրվեն արդեն ավագանու կողմից:
ԱԺ պատգամավորների նվազագույն թիվը սահմանվում է 101: Եթե ԱԺ քվեարկության արդյունքում որևէ կուսակցութունը ստացել է 53 մանդատ, ապա ԱԺ-ն համարվում է ընտրված և ունենում է 101 պատգամավոր:
Յուրաքանչյուր ընտրական տեղամասում միաժամանակ գտնվող տեղացի դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցիչների ընդհանուր թիվը սահամանափակվել է 8-ով, իսկ ընտրողների գրանցումը կատարվելու է էլեկտրոնային համակարգի միջոցով, որով տեղամասում գտնվող հատուկ տեխնիկական մասնագետը գրանցելու է ընտրողներին:
Ընտրողները կկարողանան գրանցվել թե՛ սովորական անձնագրերով, թե՛ բիոմետրիկ անձնագրերով, թե՛ նույնականացման քարտերով: Համակարգը ճշտելու է, թե արդյո՞ք քաղաքացին ընդգրկված է ընտրողների ցուցակում և արդյո՞ք չի քվեարկել: Բացի դա, եթե քաղաքացին քվեարկում է բիոմետրիկ անձնագրով կամ ID քարտով, ապա համակարգչի էկրանին կերևա ընտրողի նկարը: Եթե համակարգը ընտրողին ճանաչում է ու տալիս է քվեարկելու իրավունք, ապա ավտոմատ կերպով տպվում է մի թերթիկ, որը փոխանցվում է ընտրողներին գրանցող հանձնաժողովի անդամին։