Ազգային ժողովի կողմից մայիսի 25-ին երրորդ ընթերցմամբ ընդունված ընտրական օրենսգրքի նախագծից տպավորությունն այնպիսին է, որ օրենսգրքի հեղինակները ներդրել են բոլոր ջանքերը՝ նվազագույնի հասցնելու ընտրական գործընթացի արդյունավետ դիտարկման ու ընտրակեղծարարության բացահայտման հնարավորությունները: Առանձնապես մտահոգիչ է դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների էական սահմանափակումը և արհեստական արգելապատնեշների ներմուծումը: Այս մասին հայտարարություն են տարածել 12 հասարակական կազմակերպություններ՝ պահանջելով անհապաղ փոփոխություններ կատարել ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծում՝ երաշխավորելով պատշաճ հանրային վերահսկողության ապահովում:
Համաձայն հայտարարության, մասնավորապես, նախագծով վերացվել է ընտրական մի շարք փաստաթղթերի (քվեաթերթիկներ, ելունդներ, ծրարներ) հատուկ հաշվառման պահանջը, որոնց անճշտությունների դիտարկման միջոցով հնարավոր էր բացահայտել լցոնումների և «կարուսել» քվեարկությունների դեպքերը: Վերացվել է նաև ընտրողների ցուցակներում քվեարկողների կողմից ստորագրելու պարտականությունը, որը հնարավորություն էր տալիս հայտնաբերել կեղծ ստորագրությունները։
ՀՀ ընտրական օրենսդրության զարգացման պատմության մեջ առաջին անգամ ԶԼՄ-ների կողմից ընտրությունները լուսաբանելու համար նախագծով սահմանվել է ԶԼՄ-ի հավատարմագրման ինստիտուտը։ Նախատեսվել է, որ յուրաքանչյուր լրատվական գործունեություն իրականացնող կարող է կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրել իր անունից տարածվող միայն մեկ զանգվածային լրատվության միջոցի ոչ ավելի, քան 50 ներկայացուցիչների: Այն դեպքում, երբ հանրապետությունում առկա է մոտ երկու հազար տեղամաս, ԶԼՄ ներկայացուցիչների քանակի այսպիսի սահմանափակումը, փաստորեն, նշանակում է արհեստականորեն խոչընդոտել նույն ԶԼՄ-ի կողմից բոլոր տեղամասերը լուսաբանելու հնարավորությունը:
Նախագծով ընտրական հանձնաժողովին հնարավորություն է տրվում սահմափակել դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների՝ տեղամասում միաժամանակ գտնվելու թիվը, որը սակայն չի կարող պակաս լինել 15-ից: Ընդ որում, այս սահմանափակումը չի տարածվում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերությունների ներկայացուցիչների վրա, ինչը ևս խտրականության կոպիտ դրսևորում է՝ ընտրական գործընթացը դիտարկող ԶԼՄ-ների նկատմամբ: Առավել լուրջ մտահոգության տեղիք է տալիս այդ սահմանափակման իրացման մեխանիզմը, որի համաձայն՝ դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների քանակը սահմանափակվում է ընտրական հանձնաժողովի ձայների 2/3-ով կայացված որոշմամբ, իսկ այդպիսի որոշման անհնարինության դեպքում ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով այն իրականացվում է ոստիկանության օժանդակությամբ:
ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը դիտորդին այլևս իրավունք չի տալիս ընտրախախտումը վերացնելու պահանջ կամ առաջարկություն ներկայացնել հանձնաժողովի նախագահին, նրա ուշադրությունը հրավիրել խախտումների վրա, ինչպես նաև հարցեր տալ: Կազմակերպությունների դիտարկմամբ, սա էական հետընթաց է ոչ միայն գործող օրենսդրությունից, այլև նախագծի նախնական տարբերակներից, ինչը նշանակում է դիտորդի դերի ու նշանակության չեզոքացում ընդհանրապես:
«Շարունակելով քաղաքացիներին զրկել հանրային վերահսկողության հնարավորությունից, իշխանություններն ընդամենը խորացնում են նախատեսվող ընտրությունների օրինավորության նկատմամբ կասկածները և անվստահությունը: Հանրության օտարումն ընտրությունների վերահսկման գործընթացից ի սկզբանե կասկածի տակ է դնում ցանկացած ընտրության արդյունքների արժանահավատությունը և վերջնականապես խզվում է երկխոսությունը ժողովրդի և պետության միջև»,- ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության տակ ստորագրել են․
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
«Երևանի մամուլի ակումբ» ՀԿ
«Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ
«Ընդդեմ իրակավական կամայականությունների» ՀԿ
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
«Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ
«Իրավունքի գերակայություն» ՀԿ