Հայաստանը «Լավ երկրների ցուցիչ» աղյուսակում 163 երկրների շարքում զբաղեցրել է 82-րդ տեղը։ Այս մասին վկայում են Goodcountry.org միջազգային վարկանիշային կազմակերպության 2016 թվականին վերաբերող տվյալները։ Վարկանիշային աղյուսակը կազմվում է 7 բնագավառներում 35 տարբեր ցուցանիշների հիման վրա։ Ցուցանիշները բխում են տարբեր միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ֊ի ու Համաշխարհային Բանկի, աղբյուրներից վերցված տվյալներից։
Դիտարկվող երկրները գնահատվել են ըստ գիտության և տեխնոլոգիայի, առողջապահության, մշակույթի, բարգավաճման և հավասարության, միջազգային խաղաղության և անվտանգության, համաշխարհային կարգի պահպանման, երկրագնդի և կլիմայի բնագավառների։ Հայաստանն իր լավագույն արդյունքը գրանցել է բարգավաճման և հավասարության անվանակարգում՝ զբաղեցնելով 44֊րդ տեղը, իսկ վատագույնը՝ 140֊րդ հորիզոնականը, երկրագնդի և կլիմայի։ Մշակույթի առումով երկիրը հայտնվել է 105֊րդ տեղում, գիտության և տեխնոլոգիայի՝ 48֊րդ, խաղաղության և անվտանգության՝ 95֊րդ, առողջապահության՝ 69֊րդ, և համաշխարհային կարգի պահմանման անվանակարգում՝ 111֊րդ տեղում։
Հայաստանը «լավ երկրների» ցուցակում զիջել է Վրաստանին (45 հորիզոնական), Թուրքիային (55֊րդ), Ռուսաստանին (72), Ուկրաինային (78), Բելառուսին (79), իսկ առաջ է անցել Ադրբեջանից (97) և Իրանից (135): Ուսումնասիրված բնագավառների առումով լավագույն երկիրը, ըստ հեղինակների, Շվեդիան է, վատագույնը՝ Լիբիան։