ՀՀ պաշտպանության նախարարության մատակարարման պայմանագրերը ցանկացած ընկերության համար նվեր են, քանի որ նման գործարքներն ընկերությունների համար ապահովում են հաստատուն եկամուտ՝ երբեմն շուկայականից բարձր գներով, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Ու որքան Էլ խոսվում Է ՊՆ-ում գնումների ավանդույթը փոխելու մասին, նույնիսկ պաշտոնանկություններ են տեղի ունենում, միևնույն Է՝ առարկայական ոչինչ չի փոխվում։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ, օրինակ, բանակի ձվի մատակարարման պայմանագրով որը կնքվել Է «Արաքս» թռչնաֆաբրիկայի հետ, ձուն մատակարարվում Է 53 դրամով։ Եվ, ահա, այս տարվա ապրիլին՝ քառօրյա պատերազմից հետո, մեկ այլ թռչնաֆաբրիկա ՀՀ ՊՆ-ին առաջարկել Է ձուն մատակարարել 40-ից 45 դրամով։ Սակայն ՊՆ-ն հրաժարվել Է ավելի Էժան արժեքով ձու գնելու տարբերակից։ «Ժողովուրդ»–ին ՊՆ-ից պաշտոնապես պարզաբանեցին, որ օրենսդրությունը թույլ չի տալիս պայմանագիրը կեսից խզել։ Միևնույն ժամանակ հավաստիացրին, թե ներկայիս մատակարարի հետ բանակցում են գործող պայմանագրի շրջանակներում ձվի գինն իջեցնելու նպատակով», ֊ գրում է թերթը։
«Ժողովուրդ»֊ը նշում է, որ «Արաքս» թռչնաֆաբրիկան պատկանում Է գործարար Խաչիկ Խաչատրյանին։