ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանն այսօր Ազգային ժողովում պահանջել է կրկնապատկել պաշտպանական ոլորտին հատկացվող գումարները։
2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Բիշարյանը հայտարարել է, որ ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ պաշտպանական համակարգում բյուջեյով արված ներդրումները բավարար չեն։ Նա ընդգծել է, որ պաշտպանության ոլորտին հատկացվող գումարը 2015 թվականին 207 միլիարդ դրամ է եղել, իսկ 2016-ին՝ 201 միլիարդ է։
«Փակ քննարկումների ժամանակ մենք հասկացանք, որ այս գումարը չի բավարարում և առաջարկում ենք, որ կառավարության ներկայացուցիչ գա այստեղ և լսի մեր առաջարկությունները»,- ասել է պատգամավորը։
Հեղինե Բիշարյանն առաջարկել է ավելացնել ներդրումը պաշտպանության ոլորտում՝ զինվորին արժանապատիվ պահելու համար․ «Այս բյուջեն չի բավարարում, քանի որ մենք տեսնում ենք, որ մարդիկ զինվորին աջակցելու միջոցներ են ձեռնարկում, իսկ սա կապված է բյուջեի հետ։ Ես առաջարկում եմ կրկնապատկել ՊՆ-ի բյուջեն, բայց ո՞վ է լսում ինձ, ո՞վ է ընդունելու իմ առաջարկությունները, հիմա ո՞ւմ ականջների մասին խոսենք, որ լավ չի լսում տարիներ շարունակ մեր բարձրացրած հարցերի մասին»։