«Մեր որդիներին առանց մեզ հարցնելու տանում են Ղարաբաղ, բայց Շարմազանովը (Էդուարդ Շարմազանով՝ Ազգային ժողովի փոխխոսնակ֊խմբ․) հայտարարում է՝ Ղարաբաղը առանձին պետություն է, մենք իրավունք չունենք խառնվելու նրանց գործերին, բա էդ դեպքում ինչի՞ մեր երեխաների դեպքում հաշվի չեն առնում դա»: Այս մասին այսօր ՀՀ նախագահի նստավայրի մոտ ասել է 2013 թվականին Լեռնային Ղարաբաղում խաղաղ պայմաններում մահացած Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը։
Վերջինս և 2010 թվականին խաղաղ պայմաններում զոհված զինվորների՝ Արթուր Ղազարյանի և Վալերի Մուրադյանի մայրերը՝ Իրինա Ղազարյանը և Նանա Մուրադյանը, բողոքի ակցիա են անցկացրել նախագահականի դարպասներից քիչ վերև։ Ոստիկաններն 10։00-ից մոտ երկու ժամ կիսով չափ փակած են պահել Բաղրամյան պողոտան և նախագահականին հարող մայթը ու թույլ չեն տվել զոհված զինվորների ծնողներին կանգնել նախագահականի դարպասների մոտ։ Ոստիկանները պատճառաբանել են, թե ՀՀ նախագահի նստավայր է ժամանել հունիսի 7-ին պաշտոնական այցով Հայաստան եկած Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը:
Ծնողները դժգոհել են, որ ոստիկանները հյուրերի պատճառով արգելում են իրենց մոտենալ դարպասներին և բարձրաձայնել այն մասին, թե տարիներ շարունակ չեն բացահայտում իրենց որդիների սպանությունը։
Ծնողների բողոքներն արդյունք չեն տվել․ երբ նրանք անցել են նախագահականի դիմացի մայթ, ոստիկանները նրանց առջև պատ են կազմել՝ թույլ չտալով նայել, թե ինչ է կատարվում նախագահականի դարպասներից այն կողմ։
Բողոքի ակցիայի մասնակիցները՝ իրենց զոհված որդիների լուսանկարները պահած, մոտ մեկ ժամ կանգնել են նախագահականի դիմացի մայթին, ապա՝ հեռացել։