Home / Տեսանյութեր / Լրագրողին ուզում էին բերման ենթարկել Սեյրան Օհանյանի անվտանգության պետի մասին հոդվածից հետո․ armlur.am (թարմացված)

Լրագրողին ուզում էին բերման ենթարկել Սեյրան Օհանյանի անվտանգության պետի մասին հոդվածից հետո․ armlur.am (թարմացված)

Այսօր առավոտյան 10։30-ի սահմաններում ռազմական ոստիկանության աշխատակիցներն եկել են «Ժողովուրդ» օրաթերթի և Armlur.am կայքի լրագրող Քնար Մանուկյանի բնակարան և ցանկացել են նրան բերման ենթարկել: Այս մասին գրել է Armlur.am֊ը՝ նշելով, որ նման գործողության պատճառը «Ժողովուրդ» օրաթերթի նյութն է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության պետ Սերգեյ Հայրապետովի մասին։ Մանուկյանի բնակարան են գնացել օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանն ու փոխխմբագիր Վահագն Հովակիմյանը:

«Այն բանից հետո, երբ նրանք ներկայացրել են համապատասխան օրենքները, ՌՈ ծառայողները հրաժարվել են լրագրողին բերման ենթարկել և խոստովանել, որ քննիչի անհիմն որոշումն է ստեղծված իրավիճակի պատճառը», ֊ նշում է կայքը:

Armlur.am-ը նաև հրապարկել է Քննչական Կոմիտեի հատուկ կարևորության գործերի քննության վարչության քննիչ Գ․ Խաչիկյանի ծանուցումը, որով քննիչը «առաջարկում էր» լրագրողին ներկայանալ  վարչություն ՝քննչական գործողություններ կատարելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը պատասխան գրություն է ուղարկել՝ ընդգծելով, որ իրենց հայտնի բոլոր տեղեկություններն արդեն զետեղվել են հոդվածում և լրագրողը չի կարող ընդունել քննիչի առաջարկը։ Բացի դա, Թովմասյանը նշել է, որ Քնար Մանուկյանը վկա, կասկածյալ կամ տուժող չի հանդիսանում։ Խմբագրի խոսքով՝ իրենք չեն կարող քննիչին «օգտակար լինել» նաև տեղեկատվության աղբյուրի բացահայտման հարցում։

zhoghovurd1

Համաձայն Քնար Մանուկյանի հոդվածի՝ Սերգեյ Հայրապետովը ծեծի է ենթարկել ՀՀ ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանին՝ ստիպելով «գրել» ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանի դեմ։

Հոդվածում, մասնավորապես, ասվում էր․

«Ամեն ինչ սկսվել է այս տարվա մարտից, երբ դեռ ՊՆ-ում կոռուպցիոն բացահայտումները  հրապարակային ընթացք չունեին, ապրիլյան 4-օրյա պատերազմն էլ չէր սկսվել։ Այսպիսով, ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանը բացահայտել է, որ «Էլ թեք քոմփ» ՍՊԸ-ի կողմից ՊՆ-ին մատակարարվող տեխնիկայի գները ուռճացված են։ Խաչատրյանի գործունեության արդյունքների մասին ՊՆ-ում սկսել են խոսել, Սերգեյ Հայրապետովը նրան զգուշացրել է, որ վերը նշված ընկերության մասին մոռանա և չզեկուցի վերադասին, այլապես «կփոշմանի»։ Սակայն Խաչատրյանը չի լսել «խորհուրդը» և իր կողմից հայտնաբերված չարաշահման մասին վերադասին զեկուցել է։ Արդյունքը եղել է այն, որ Սամվել Խաչատրյանն այսօր կալանքի տակ է։ Իսկ Սեյրան Օհանյանը, նրա անվտանգության պետն էլ շարունակում են պաշտոնավարել, ընկերություններն էլ իրենց ուզած գներով ինչ-որ բաներ են վաճառում ՀՀ ՊՆ-ին ու սրընթաց հարստանում»։

ՊՆ֊ում ստեղծված իրավիճակի մասին Armlur.am֊ի համար պատրաստած Քնար Մանուկյանի ռեպորտաժը։