հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Արվեստագետը «վերտալյոտներ» էր սպասում, բայց տեսավ քնած ԱԱԾ֊ականների

Արվեստագետը «վերտալյոտներ» էր սպասում, բայց տեսավ քնած ԱԱԾ֊ականների

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) չի ողջունում Արտակ Գևորգյանի վարքագիծը, այնուամենայնիվ, ոչ մի պահանջ չունի նրանից։ Գևորգյանը լուրջ անհանգստություն չի պատճառել ԱԱԾ-ի աշխատակիցներին, ուստի ԱԱԾ-ն նպատակահարմար չի գտնում մասնակցել դատական նիստերին։ Այս մասին ԱԱԾ-ն գրություն է ուղարկել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ այսօր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ընթացել է ստվարաթղթե տանկով ԱԱԾ-ի շենքին հարվածած արվեստագետ Արտակ Գևորգյանի գործով դատական նիստը։

Այսօր դատարանում ցուցմունք է տվել Գևորգյանը՝ նշելով, որ դեկտեմբերի 6-ի կեղծված սահմանադրական հանրաքվեից հետո ինքը որոշել է գնալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ և իր արվեստի միջոցով արտահայտել բողոքը։ Դեկտեմբերի 10-ի իր ակցիան արվեստագետը չի ցանկացել մանրամասն մեկնաբանել, սակայն նշել է, որ այն ուղղված է եղել երկրում տիրող սոցիալ-տնտեսական վատ վիճակի դեմ։ Արվեստագետը պատմել է, որ այդ օրը մոտենալով ԱԱԾ-ի շենքին` ինքը հարվածել է և փախել, քանի որ «վախեցել է, որ աշխատողները ինձ կմորթեն»։

«Ես փախել եմ, որովհետև փոքրուց մտածել եմ, որ անգամ չհասած ԱԱԾ-ի շենքին կարող են լազերներ դուրս գան, վերտալյոտներից (ուղղաթիռ) մարդիկ իջնեն, բայց մոտենալով շենքին՝ տեսա, որ մեր Ազգային անվտանգության ծառայության աշխատողները քնած են», – հեգնանքով ասել է Գևորգյանը։ Վերջում նա ավելացրել է, որ ամեն դեպքում, եթե իրեն մոտենային ԱԱԾ֊ի աշխատակիցները, ինքը չէր գնա՝ ակցիան եղել է հանրային, ինքը թաքցնելու ոչինչ չի ունեցել։

Նա նշել է, որ եթե ինքն այդ օրը իրոք հանցագործություն արած լիներ, ապա իրեն անմիջապես բերման կենթարկեին։

«Դեպքից հետո ինձ հետապնդեցին, բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնի բաժին, սակայն պարզվեց ուրիշ հարցով է դա, բայց տանկի հետ կապված հարցեր էին տալիս՝ թե, բա երեկ տանկ ես քշել», – ասել է Գևորգյանը։

Միայն ոստիկանություն բերման ենթարկելուց մեկ օր անց, երբ արվեստագետը դուրս է եկել ընդմիջման, անհայտ անձինք ձերբակալել են նրան և երկար ժամանակ պահել «անհայտ մի վայրում», որտեղ, ինչպես պնդում է Գևորգյանը, ստիպել են, որ գրի, թե զղջում է կատարվածի համար։

Նա նաև անդրադարձել է մեղադրական եզրակացության այն հատվածին, որտեղ նշված է, թե Գևորգյանը «փորձել է անպատժելիության մթնոլորտ ստեղծել և ընդգծել իր անձի ենթադրյալ առավելությունը»։

«Ես չեմ հասկանում ինչ է նշանակում անպատժելիության մթնոլորտ», – ասել է Գևորգյանը և հրաժարվել պատասխանել՝ արդյոք ինքը նման նպատակ է ունեցել։

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ «Հակահարված» արտ֊խմբի անդամ Արտակ Գևորգյանը 2015թ. դեկտեմբերի 10-ին ժամը 01.30-ի սահմաններում իր կողմից պատրաստված ստվարաթղթե հրասայլով «դիտավորությամբ հարվածել է ԱԱԾ-ի վարչական շենքի երկաթե դարպասներին և նման ձևով կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է ԱԱԾ շենքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների բնականոն գործունեությունը խաթարելով և նրանց մոտ գույքի պահպանության կապակցությամբ վախի զգացում առաջացնելով»: