Քննչական կոմիտեն երեկ ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Հիմնադիր խորհրդարան» շարժման համակարգող Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունից հետո հայտարարեց, թե ձեռք բերված ապացույցների հիման վրա, մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք ու ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելու համար ութ անձի առաջադրվել է մեղադրանք, նրանցից վեցը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Սեֆիլյանի պաշտպան Գևորգ Դավթյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը հրաժարվել է որպես կասկածյալ հարցաքննությունից։
«Մենք որևէ դիրքորոշում չենք հայտնել, նա օգտվել է իր լռելու իրավունքից մինչև հասկանանք», – ասաց Դավթյանը։ Անդրադառնալով Քննչական կոմիտեի այն հայտարարությանը, որ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, պաշտպանն ասաց, որ այդ մասին միայն մամուլից է տեղեկացել:
Թե ովքեր են սույն գործով մյուս ձերբակալվածները, նշում է օրաթերթն, անգամ «Նոր Հայաստան»-ի անդամները չգիտեին։
«Երեկ իրավապահները մի քանի ժամ շարունակ խուզարկում էին Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը։ Նրանք ներս էին մտել դուռը կոտրելու միջոցով։ Սեֆիլյանի բնակարանի մոտ էր գտնվում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որին թույլ չտվեցին մասնակցել խուզարկությանը։ Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը, ոստիկաններին խնդրել է փաստաբանի ներկայությամբ խուզարկել բնակարանը, սակայն վերջիններս մերժել են և սկսել խուզարկությունները։ Մեր թղթակցի հետ զրույցում Փոստանջյանը իրավապահների գործողություններն անօրինական է որակել», – մասնավորապես, նշում է «Հայկական ժամանակ»-ը։
Քննչական կոմիտեում գտնվող Ժիրայր Սեֆիլյանի հետ հաջողվեց զրուցել «Ա1+»-ի թղթակցին։ «Հերթական քաղաքական հալածանքն է: Այս օրերին մեր երկիրը շատ վտանգավոր փուլում է գտնվում, եւ ժողովուրդը պետք է գիտակցի, մինչեւ Սերժ Սարգսյանից չազատվի, երկիրը գնում է կործանման», – նշել է ընդդիմադիրը։