հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ժիրայր Սեֆիլյանին փորձելու են մեկուսացնել հասարակությունից․ փաստաբան

Ժիրայր Սեֆիլյանին փորձելու են մեկուսացնել հասարակությունից․ փաստաբան

Հունիսի 20-ին ձերբակալված ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Հիմնադիր խորհրդարան» շարժման համակարգող, «Նոր Հայաստան» շարժման առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանին մինչև վաղը պետք է մեղադրանք առաջադրվի և լուծվի նրա խափանման միջոցի հարցը։

Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Ժիրայր Սեֆիլյանի պաշտպաններից Գևորգ Դավթյանը։ Վերջինս կարծիք է հայտնել, որ մինչև վաղը Սեֆիլյանին կկալանավորեն․ «Փորձելու են Ժիրայր Սեֆիլյանին մեկուսացնել հասարակությունից»։

Դավթյանի խոսքով՝ մինչև այսօր անցկացվել է հարցաքննություն և առերեսում։

«Այս պահին մենք միջնորդել ենք, որ գործին առնչվող նյութերը, որոնք վերաբերվում են Ժիրայր Սեֆիլյանի մասնակցությամբ արձանագրություններին, վարույթն իրականացնող մարմինը մեզ տրամադրի, որ կարողանանք [պաշտպանության] հետագա ընթացքը կազմակերպենք»։

Նշենք, ըստ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը։ Պաշտոնական վարկածի համաձայն, Սեֆիլյանն է կազմակերպել մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ինքը՝ Սեֆիլյանը, և «Նոր Հայաստան» շարժման անդամները հայտարարել են, որ ձերբակալությունը քաղաքական հետապնդում է։