Պուտինը զբաղվում է Լեռնային Ղարաբաղով
ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»
Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո՝ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները որոշեցին մեծացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը զորքերի շփման գծում: Սա հանդիպման միակ կոնկրետ ձեռքբերումն է: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մյուս բոլոր հարցերի շուրջ արդեն քաջածանոթ ու ոչինչ չասող արտահայտություններ են հնչել՝ «երկրների ղեկավարները հասան փոխըմբռնման» և «վերահաստատեցին խաղաղ կարգավորման ճանապարհ գտնելու ցանկությունը»: Եթե կա մեկ այլ իրական ձեռքբերում, ապա այն դեռևս գաղտնի է պահվում:
Վլադիմիր Պուտինի նախաձեռնած հանդիպմանը կողմերը եկել էին իրենց սպասելիքներով: Բաքուն պահանջում է հայկական զորքերի դուրսբերում ԼՂՀ շուրջ առկա, այսպես կոչված, անվտանգության գոտուց՝ հույս ունենալով, որ Մոսկվան ճնշում կգործադրի իր ռազմավարական դաշնակցի վրա: Երևանը պահանջում է ռազմական գործողությունների չվերսկսման երաշխիքներ՝ նույնպես հույսը դնելով Մոսկվայի ամուր աջակցության վրա: Անվտանգության գոտու մեջ մտնող շրջանների՝ Ադրբեջանին հանձնելը հայկական կողմը պատրաստ է դիտարկել միայն ԼՂՀ-ի ինքնիշխանության ճանաչման դեպքում: Այսքանը: Փակուղի:
Դիտորդների թվի ավելացումը կարելի՞ է էական նվաճում համարել: Հազիվ թե: Դիտորդները չեն կարող խոչընդոտել նույնիսկ առանց այդ էլ չդադարող տեղային փոխհրաձգությանը, ուր մնաց՝ պատերազմի վերսկսմանը: Շփման գծի ողջ երկայնքով նրանց ամբողջ օրը չես կանգնեցնի, իսկ հայ-ադրբեջանական սահմանին՝ առավել ևս:
Կարելի՞ էր պետերբուրգյան հանդիպումից բեկում ակնկալել: Կրկին՝ ոչ: Կողմերի դիրքորոշումները չափազանց տարբեր են՝ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների թույլ տված բազմանշանակ հայտարարություններին: Պաղեստինա-իսրայելական հակամարտությունն արդեն որքա՞ն ժամանակ է տևում: Իսկ կիպրոսյա՞նը: Չեն կրակում՝ արդեն լավ է:
Ադրբեջանական կողմն ընդգծում է, որ չի կարող այդքան երկար սպասել հակամարտության կարգավորմանը, ու չի պատրաստվում սպասել: Նախ, համբերության սպառումը ապրիլի սկզբին Բաքվին որևէ դրական արդյունք չտվեց, այլ՝ միայն կորուստներ, վիշտ՝ զոհերի ընտանիքներին: Ինչպես և հակառակ կողմում: Երկրորդ՝ հայկական դիքերի վրա մեկ այլ հարձակումը բլիցկրիգի խիստ անհնարինության պայմաններում կհանգեցնի արդեն ոչ միայն համաշխարհային քաղաքական կենտրոնների քննադատության, այլև՝ կարող է սկիզբ դնել ԼՂՀ ինքնիշխանության ճանաչման գործընթացի: Ադրբեջանը պետք է, այնուամենայնիվ, համբերությամբ լցվի, բանակցություններ վարի ու աստիճանաբար խաղաղ միջոցներով իրավիճակը թեքի իր օգտին: Ժամանակն աշխատում է Բաքվի օգտին: Սա լեզվի սայթաքում չէր. այսօր դա իսկապես այդպես է:
Ապրիլյան քառօրյա պատերազմը երևան բերեց Հայաստանի խնդիրները: ԼՂՀ ազատության միտքը հայերի համար գերիշխող էր անկախության տարիներին, ինչը թեև իշխանություններին ու հասարակությանը չէր միավորում, բայց ստիպում էր հաշվանցել ամենասուր հակասությունները: Մարդիկ պատրաստ էին հանդուրժել ցանկացած զրկանք հանուն Ղարաբաղի: Իսկ իշխանությունն օգտվում էր դրանից՝ իր համար առանձնապես ծանր պահերին չէր խորշում շահարկել զգայուն թեման։
Ապրիլին, սակայն, պարզվեց, որ ամեն ինչ այնքան լավ չէ, որպեսզի արդարացվի տասնամյակների ծանր կյանքը: Ու եթե չլիներ ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների հերոսությունը պատերազմի առաջին ժամերին, ապա ընդհանրապես հայտնի չէ, թե կարգավորումն այսօր ինչ ուղղությամն կքննարկվեր:
Հայաստանում շատերն իրավիճակն ավելի շուտ հասկացան ու լքեցին հայրենիքը: Միտումը շարունակվում է: Այնքան էլ հասկանալի չէ, թե ինչպես են իշխանությունները պատրաստվում փոխել իրավիճակն, այն էլ՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ձևավորվող միասնական աշխատանքային շուկայի պայմաններում: Հողերը պետք են այն ժամանակ, երբ ու քանի դեռ այնտեղ մարդիկ են ապրում: Առանց նրանց՝ իմաստը կորում է, ու տարածքները, սովորաբար, անցնում են նոր տիրոջ: Կամ՝ վերադարձվում են նախկինին: Հայաստանի իշխանությունները, ի տարբերություն Ադրբեջանի, հայտնվել են ցայտնոտում: Նրանք ժամանակ ունեին Բիշկեքյան համաձայնագրի ստորագրումից ի վեր, որը 1994-ին դադարեցրեց ղարաբաղյան պատերազմը: Բայց այդ ժամանակի մեծ մասը նրանք անիմաստ վատնեցին: Ու միշտ չէ, որ ադրբեջանա-թուրքական շրջափակման կամ համաշխարհային ժգնաժամի օբյեկտիվ պատճառներով: