Առ այսօր չկա որևէ ոստիկան, որ Բաղրամյանի բռնությունների գործով որպես մեղադրյալ ներգրավված լինի։ Այս մասին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով նախորդ տարվա հունիսի 23-ին ոստիկանության կողմից Էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող քաղաքացիների դեմ բռնություն կիրառելու դեպքին։
«Այս գործով պետք է լիներ մոտ 300-400 տուժող քաղաքացի։ Այսինքն՝ բոլոր նրանք, ում տարել են բաժին, ում՝ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը սահմանափակվել է, բոլորը պետք է ներգրավված լինեին որպես տուժող։ Իսկ բոլոր ոստիկանները, որոնք մարդկանց բաժին են տարել, հրաման են տվել կամ չեն միջամտնել, երբ մարդկանց ծեծել են, բոլոր ոստիկանները պետք է որպես մեղադրյալ ներգրավվեն», – ասել է Իոաննիսյանը։
Վերջինս նշել է, որ բացի շարքային ոստիկաններից՝ Բաղրամյանում եղած առնվազն 3 գեներալներ պետք է պատասխանատվության ենթարկվեին, որովհետև նրանց մասով կոնկրետ հանցագործությունների ապացույցներ կան: Նրանց թվում են Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը և ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը։
«Սա մի ամբողջ հանցավոր խմբի կատարած գործողություն է, հանցավոր խումբ, որ կրում էր համազգեստ։ Իհարկե, մի մասն էլ այդ ժամանակ չի կրել համազգեստ», -ասել է Իոաննիսյանը։
2015 հունիսի 23-ին ոստիկանության կողմից խուլիգանության մեջ կասկածով բերման էին ենթարկվել 237 հոգի։ Իոաննիսյանն ընդգծել է, որ հատուկ շեշտվել է, թե այդ անձինք ակներև խուլիգանություն են կատարել։ Այնուհետև քննչական կոմիտեն ասել է, որ խուլիգանություն չի եղել այդ օրը։
«Ոստիկանությունն առ այսօր չի պատասխանել, թե ինչ զանգվածային հալուցինացիա ունեին այդ օրը ոստիակնները, որ այդ 237 հոգու գործողություններում խուլիգանություն են տեսել, երբ խուլիգանություն այդ մարդկանցից ոչ մեկի գործողություններում չկար։ Ոստիկանությունը մինչ այժմ փորձում է այդ հարցը ներկայացնել որպես առանց կենտրոնացված հրամանի գործողություն։ Այսինքն՝ իբրև վերևից եկած հրաման չի եղել ջրանետեր կիրառելը», ֊ ասել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգողը։
Հանդիպման մեկ այլ մասնակից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ղեկավար Հայկուհի Հարությունյանը նշել է, որ Բաղրամյանի դեպքերից մեկ տարի անց տուժած քաղաքացիների բողոքի քննությունը դեռևս գտնվում է նախաքննության փուլում։ Նախաքննության ժամկետն անընդհատ երկարաձգվում է։ Նա հավելել է նաև, որ չնայած այդ գործերի քննության համար ձևավորվել է քննչական 4 հոգանոց խումբ, սակայն բոլոր գործերը քննվում է մեկ քննիչի կողմից։
«Նախաքննությունը ձգձգվում է անընդհատ։ Օրինակ՝ ոստիկանությունը ասում է, որ կոնկրետ կադրում պատկերված ոստիկանին ես չեմ կարողանում գտնել։ Գուցե դեռ մեկ տարի ևս գնա այս քննությունը», -ասել է Հարությունյանը։
Նա հավելել է, որ Բաղրամյանի դեպքերի հետ կապված կարգապահական տույժի են ենթարկվել ընդամենը 13 ոստիկաններ։ Հարությունյանը կարծիք է հայտնել, որ գուցե ընթացքում մի քանի ոստիկաններ ձևականորեն պատասխանատվության ենթարկվեն։
«Գուցե, այդ պատասխանատվությունը լինի շատ մեղմ, ոչ քրեական։ Իհարկե, մենք չենք ունենալու ոստիկանության կողմից հաշվետվություն հանրության առջև։ Հետաքրքիր է, որ քրեական գործ հարուցելուց հետո էլ Հատուկ քննչական ծառայությունը, ըստ էության, քննությունը տանում է բացառապես հաղորդումը տված անձանց կողմից որոշակի բացատրություններ վերցնելու, առերեսելու նյութեր ուսումնասիրելու մասով», -ասել է փաստաբան Հարությունյանը։