Home / Տեսանյութեր / Սերժ Սարգսյանը չտեսա՞վ իրեն մարդասպան անվանողին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սերժ Սարգսյանը չտեսա՞վ իրեն մարդասպան անվանողին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինժեներ, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին 2008 թվականի Մարտի 1-ին սպանվածների նկարներով պաստառը ձեռքին շարունակել է երեկ սկսած ակցիան։ Հունիսի 23-ին նա պառկել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տան դիմացի մայթին, իսկ այսօր Գասպարին նստել է Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկին․ հենց այդ հատվածով է Սերժ Սարգսյանը աշխատանքի գնում։

«Ես պարզապես այստեղ նստել եմ, քանի որ Սերժ Սարգսյանի երթուղին է, և ես իմ կարծիքն եմ հայտնում իրան որպես ՀՀ մի քաղաքացի։ Ինքն իմ համար ստոր սրիկա, մարդասպան է և ուզում եմ իրեն տեղյակ պահել», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Գասպարին։

Ակցիայի ընթացքում 4 ոստիկաններ կանգնել էին Գասպարիի դիմաց։ Մեր լրագրողի հարցին՝  ինչու են դա արել, ոստիկանները պատասխանել են, թե դա իրենց ծառայություն իրականացնելու վայրն է և Գասպարին ինքն է եկել ու իրենց «հետևը նստել»։

1gaspari

Գասպարին պնդել է, որ ոստիկանները միտումնավոր են կանգնել իր պաստառի դիմաց, որպեսզի Սերժ Սարգսյանն անցնելիս չտեսնի իրեն։

«Երբ ես եկա, ոստիկանները ցրված էին, հետո եկան, իմ դիմացը փակեցին։ Պարզ է, որ դա Սերժի քմահաճույքով են արել։ Իբր թե Սերժ Սարգսյանը չգիտի, որ ՀՀ քաղաքացիներն իրեն սրիկա, մարդասպան են համարում», ֊ ասել է Գասպարին։

Երբ Սերժ Սարգսյանի մեքենաների շարասյունն անցել է Դեմիրճյան փողոցով, ոստիկաններն անմիջապես հեռացել են Գասպարիի դիմացից՝ նրան մենակ թողնելով։