Սերժ Սարգսյանի քաղաքականության պատճառով է, որ Հայաստանը չի կարողացել պաշտպանել իր սահմանները և «միայն մեր երիտասարդների կյանքի շնորհիվ ենք կարողացել զսպել Ադրբեջանի ագրեսիան»: Այս մասին այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի նախագծի վերջնական տարբերակի քննարկման ժամանակ ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
Վերջինս իր ելույթում անդրադարձել է նաև օրեր առաջ ՊՆ փոխնախարարների պաշտոնանկությանը՝ նկատելով, որ մինչև այսօր որևէ հիմնավորում հանրությանը չի ներկայացվել այդ հարցով: Ըստ պատգամավորի՝ հենց Սերժ Սարգսյանը պարտավոր էր հրաժարական տալ։
«Եթե չունես օրինական ղեկավարություն, ապա չես կարող ոչ ռազմական գործողություններ իրականացնել, ոչ էլ դիվանագիտություն: Ես միակն էի, որ դեմ քվեարկեցի ռուսական վարկին. մինչ օրս ոչ վարկն է տրամադրվել, ոչ էլ սպառազինությունը: Հիշեք՝ միշտ կա այլընտրանք: Հիմա մենք պետք է ճանաչեինք Արցախի անկախությունը: Սակայն դա բացակայում է, քանի որ Սերժ Սարգսյանը նշանակված է ու չի կարողանում իրականացնել ինքնուրույն քաղաքականություն: Ինչո՞ւ ենք բաժանում 13 ընտրատարածքի, որպեսզի Սերժ Սարգսյանին ավելի արագ հաջողվի վաճառել ՀՀ և ԼՂՀ անկախությունը, անվտանգությունը, որ պահպանի իր իշխանությունը: Սա է ամբողջ տրամաբանությունը Ընտրական օրենսգրքի։ Սերժ Սարգսյանը գնացել էր Ստեփանակերտ, որտեղ նրա դեմը դուռը շրխկացրել են ու ասել, որ որևէ հողակտոր չեն պատրաստվում հանձնել, ու դա շարունակվում է շատերի շուրթերով հնչել: Որևիցե մեկը ՀՀ-ում իրավունք չունի հայ ժողովրդի անունից բանակցել Մադրիդյան սկզբունքների վրա հիմնված փաստաթղթի շուրջ ու պատրաստ լինի ինչ-որ բան հանձնել կամ զիջել», – իր ելույթում ասել է պատգամավորը:
Վերջինիս ելույթը բուռն վիճաբանությունների տեղիք է տվել։ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կոչ է արել նրան խոսել բացառապես Ընտրական օրենսգրքի նախագծից։
«Այս օրերի ընթացքում, ապրիլյան պատերազմի ընթացքում մեր զինված ուժերի գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հասել են հաջողության ու կանխել ադրբեջանական ագրեսիան: Ադրբեջանը պարտվել է, Դուք ի՞նչ եք խոսում։ Մեզնի՞ց եք պաշտպանում Ղարաբաղը: Չի կարելի», -ասել է Շարմազանովը:
«Լսելով ինձ թվաց, թե ադրբեջանական մեջլիսում եմ, որովհետև նման դավաճանական ելույթներ մենակ մեջլիսներում են հնչում։ Սա անհայրենիք անձի ելույթ էր, նույնիսկ դավաճանական ելույթ էր։ Էս կնոջ մոտ մի բան է ձևավորվել, որ մենք ամեն օր հավաքվում ենք այս դահլիճում լսելու նրա ծուղրուղուն», – ասել է ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը։