Սյունիքի մարզի հարավում՝ Արաքսաշեն բնակավայրի մոտ, երեկվանից սկսված հրդեհի ծավալները մեծանում են։ Հրդեհի հետևանքով ծխով են պատված Մեղրիի մոտ գտնվող Արաքսաշենին հարող տարածքները։ Epress.am-ի հետ զրույցում Կարճևան գյուղի բնակիչներից մեկը հայտնել է, որ գյուղն ամբողջովին պատված է ծխով և «ձյան փաթիլների նման այրվածքի մնացորդները թափում են օդից»։ Կարճևանը Մեղրիից մոտ 10 կմ հեռավորության վրա է գտնվում։
Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը հաղորդում է, որ երեկվանից սկսված խոշոր հրդեհից արդեն այրվում է մոտ 150 հա խոտածածկույթ, որից 4 հա՝ «Արևիկ» ազգային պարկի տարածքում: Ավելի վաղ կայքը հայտնել էր, որ հրդեհը մոլեգնում էր 100 հա տարածքում։
Հրդեհի մարման աշխատանքներին, բացի հրշեջներից, մասնակցում են նաև տեղի բնակչությունը, «Արևիկ» ազգային պարկի աշխատակիցները, ոստիկաններ և մոտակա զորամասի 80 զինծառայող։
Հրդեհի պատճառնների մասին պաշտոնական տեղեկություն ԱԻՆ-ը չի հայտնում։