Այսօր 14:45-ի սահմաններում Խորենացի 47 հասցեում գտնվող շենքի մոտից բերման ենթարկված Անտոն Իվչենկոյին Կենտրոնի ոստիկանության բաժնում հայտարարել են, որ բերման են ենթարկել ապօրինի զենք/զինամթերք ձեռքբերելու աջակցման կասկածանքով: Նույնը ասել են Իվչենկոյի հետ բերման ենթարկված Կարո Եղնուկյանին և Մաքսիմ Սարգսյանին:
Epress.am-ի հետ զրույցում Անտոն Իվչենկոն ոստիկանների ձևակերպումը անհեթեթ է որակել: Նա նշել է, որ ինքը բերման ենթարկվելուց առաջ պարզապես կանգնած է եղել լրագրողների կողքին Խորենացի 47 հասցեում գտնվող շենքի մոտ և լսել է, թե ինչ է ասում լրագրողների հետ զրույցում Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը: Ոստիկանների գործողություններն Իվչենկոյի համար անակնկալ են եղել: Վերջին ամիսների ընթացքում նա քայլում է հենակներով, քանի որ ապրիլին ընկել է և ազդրի ծանր վնասվածք ստացել: Բերման ենթարկելու պահին ոստիկանները Իվչենկոյի վիճակը հաշվի չեն առել՝ կոպտորեն տանելով դեպի ոստիկանական մեքենան, ինչը երևում է նաև տեսանյութում:
3 ժամ ոստիկանական բաժանմունքում անցկացնելուց հետո Իվչենկոյին բաց չեն թողել՝ պատճառաբանելով, որ դա անում են ազգային անվտանգության նկատառումներով: Նրանց ազատ են արձակել 4 ժամ 10 րոպե հետո: Նա հրաժարվել է որևէ փաստաթղթի տակ ստորագրել, բացի իր իրերը հետ վերցնելու մասին արձանագրությունից: