Երեկ Ազատության հրապարակից բերման ենթարկված քաղաքացիներին տարել են ոստիկանության զորամաս և դաժանաբար ծեծի ենթարկել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը:
«Հուլիսի 17-ին ոստիկանության զորքերի 1033 զորամասում մարդկանց կոնսլագերային պայմաններում են պահել: Բոլորին լցրել են մի դահլիճում ու ռազմագերու կարգավիճակով են պահել: Ոմանց, ում հանդեպ ոստիկանները հին հաշիվներ ունեին, տարել ծեծել ու հետ են բերել: Իսկ երեկ Ազատության հրապարակից բերման ենթարկվածներին տարել են Դավիթաշենի զորամաս»,- ասել է Իոաննիսյանը:
Նրա խոսքով՝ երեկ բերման ենթարկվածներից Դավիթ Սանասարյանը և ևս մի քանի հոգի պատմել են, որ ոստիկանները ճանապարհին իրենց խոշտանգման են ենթարկել, ինչի հետևանքով Դավիթ Սանասարյանը ուղեղի ցնցում է ստացել:
«Նրանք ստորացրել են տղաներին, ստիպել են կոշիկները մաքրել, թքել են նրանց վրա, իսկ հայհոյանքների մասին խոսելն անիմաստ է: Այդ ամենը եղել է զորամասի ճանապարհին: Ինչպես տղաներն են պատմել, Դավիթին զորամասում շարունակել են խոշտանգել այնքան, մինչև գիտակցությունը կորցրել է: Մոտ 10 րոպե անգիտակից պարկած է եղել զորամասի հատակին: Ծեծող ոստիկաններից մեկը շատ կարևոր բան է ասել. «Ձեր ժամանակները պրծան, հին ժամանակները եկան ու սրանից հետո սենց ա լինելու»: Սա նշանակում է, որ ոստիկանների բոլոր բարեփոխումները վերջացել են: Վերջին տարիներին չէր եղել նման դեպք, որ մարդուն այն աստիճանի մեքենայի մեջ ստորացնեն ու ծեծեն, որ ուղեղի ցնցում ստանա», – ասել է Իոաննիսյանը:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյան էլ նշել է, որ ոստիկանների գործողություններին իրավական հիմքեր և գնահատականներ տալն անիմաստ է. «Այս գործողությունները բիրտ ուժի կիրառմամբ քաղաքացիական ակտիվությունը ճնշելու նպատակ է, և իրավական գնահատական այս առնչությամբ չի կարող լինել»:
Նշենք, որ երեկ հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են Ազատության հրապարակում հանրային քննարկումներ անցկացնելու՝ ՊՊԾ գնդի գրավման հետ կապված: Քննարկման ընթացքում նրանք որոշել են երթ կազմակերպել, որից հետո բախումներ են սկսվել ոստիկանների հետ: