«Եթե երկրի «կառավարիչները» գրոհեն [«Սասնա ծռերին»], ապա դա նոր անպատիժ Մարտի 1-ով չի ավարտվելու, և պայքարը չի դադարելու»: Այս մասին ասել է «Հիմնադիր խորհրդարան» շարժման առաջնորդներից Գարեգին Չուգասզյանը, ով ընդհատակում է։ Հետախուզման մեջ գտնվող քաղաքական գործիչը երեկ հարցազրույց է տվել լրագրող Վարդ Սիմոնյանին։ Վերջինս լրագրողներին առաջարկել է հրապարակել հարցազրույցը։
Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների մի մասը նաև «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ներկայացուցիչներ են։
«Իշխանությունների համար անցնցում հեռացման հնարավորությունների պատուհանը վերջնականապես կփակվի, և իրենք ստիպված են լինելու գործ ունենալ համազգային ամենօրյա պայքարի այլ տրամաբանության հետ, որը նման է լինելու ֆրանսիական դիմադրության շարժման ազատագրական պայքարի»,֊ ասել է Չուգասզյանը։
Այն հարցին, թե ինչ փոխզիջումների են իրենք պատրաստ՝ Չուգասզյանը պատասխանել է, որ բանակցությունները վարում է «Սասնա Ծռեր» խմբավորումը։
«Իշխանությունը զավթած Մսրա Մելիքի համակարգը դեռ չի գիտակցում, որ «Սասնա ծռերից» ստացված հարվածից երկու կես է եղել, և նրա որևէ, կրկնում եմ որևէ շարժում բացահայտելու է իրողությունը… Հիմա խնդիրն այլ է. դա «Չորրորդ հանրապետության» ծնունդն է, որի պատասխանատվությունն ընկնում է իր այն քաղաքացիների վրա, որոնք բացի այն երազելուց նաև պատրաստ են հենց այսօր իրենց միացյալ ջանքերով ծնել իրապես արժանապատիվ ապագա ունեցող, մեծ ու փոքր հարևանների և աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից հարգված, ինքնիշխան, բարձրաճաշակ և բարձրտեխնոլոգիական Հայաստան: Նրանցից է կախված մենք կշարունակե՞նք ականատեսը լինել մեր բազմադարյա պատմության վերջին և անփառունակ էջին, թե՞ կկտրենք քաղաքական արատավոր շրջանը… «Սասնա ծռերի» ապստամբների վրա այս առումով ընդամենը ընկած է այդ ծննդյան տատմոր դերը, ոչ ավելին… »,֊ ասել է նա։