«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում երեկ գիշերվանից, երբ ոստիկանների գործողությունների հետևանքով տասնյակ ցուցարարներ են տուժել, խստացվել է ելումուտը բուժում ստացող հիվանդների հարազատների, խնամողների համար:
Փոխարենը, վերակենդանացման բաժանմունք ազատ ելումուտ են անում մոտ 10 քննիչներ, ովքեր ներս են մտնում առանց սպիտակ խալաթների: Ներսից դռները հսկում են երկու կարմիր բերետավորներ: Քննիչները լրագրողների հարցերին չեն պատասխանում:
«Երեկ գիշերը չէին թողնում դուրս գային, հիմա էլ չեն թողնում մտնենք», – հիվանդանոց այցելած Epress.am-ի լրագրողի հետ զրույցում բողոքել է միջին տարիքի մի կին, ով զայրացած ասում էր, որ «ձեր միջադեպերի» հետ կապ չունի, սակայն չի կարողանում իր հիվանդ հորը մտնել խնամել:
Երեկ Սարի թաղ թաղամասում ոստիկանների կողմից հատուկ միջոցների կիրառմամբ ակցիան ցրելու հետևանքով «Գրիգոր Լուսավորիչ» է տեղափոխվել 50 անձ՝ այրվացքներով, աչքի վնասվածքով, սալջարդերով, հեմատոմաներով:
Հիվանդանոցի փոխտնօրեն, բժիշկ Գագիկ Մանուկյանին հարցրեցինք՝ ինչու են ոստիկանները, ընդ որում՝ առանց բժշկական հանդերձանքի, քայլում հատկապես վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկը պատասխանեց, թե «նրանք հերթափոխ են անում»:
«Հիմա որ «Էրեբունիիում» զինված կանգնած են: Ի՞նչի են կանգնել, որ կարողանան կարգ ու կանոն պաշտպանեն: Ես բժիշկ եմ, հո չեմ ընկնի մեկին խփեմ՝ ասեմ՝ էս ինչ եք անում, թողեք մեր աշխատանքը անենք», – ասել է Մանուկյանը:
Հիվանդանոցում քննիչները հարցաքննում էին երեկ Սարի թաղում տուժած մարդկանց: Ընդ որում՝ նրանց չէին հայտնում՝ ինչ կարգավիճակով են մարդիկ ցուցմունք տալիս՝ վկայի, թե տուժողի:
«Երևի որպես վկա», – մեզ ասաց Life.ru-ի օպերատոր Տիգրանը Գասպարյան:
Մեր թղթակիցը հարցրել է Գասպարյանին հարցաքննող քննիչներին՝ ի՞նչ կարգավիճակ ունեն այդ հարցաքննվողները, ի՞նչ հոդվածով է քրեական գործ հարուցվել, պատասխանեցին՝ մենք չգիտենք, մենք քննիչական խումբ ենք, Քննչական կոմիտե զանգեք:
Քննչական կոմիտեի կայքում քիչ անց տեղադրված հայտարարության մեջ ասված է, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը) և 2-րդ մասերով (Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը), ձերբակալվել է 23 մարդ:
Բացի հարցաքննելուց, քննիչները որպես իրեղեն ապացույց վերցնում էին վիրավորվածների հագուստները, որոնք եղել են իրենց հագին միջադեպի ժամանակ:
Այնփաթի բնակիչ, ոտքի և ձեռքի այրվածքներ ստացած 28-ամյա մանկավարժ Անահիտ Փիլոյանը հրաժարվում էր իր հագուստները տալ:
«Որովհետև չի վստահում քննիչներին», – մեզ հետ զրույցում ասել է նրա հայրը՝ Սամվել Փիլոյանը: Հոր խոսքով՝ ինքն եկել է աղջկան տուն տանելու, սակայն քննիչները թույլ չեն տվել:
Նշենք, որ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի գլխավոր բժշիկը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խնամին է՝ Արա Մինասյանը: