Ծաղկահովիտ գյուղում բնակվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի («Միայնակ գայլ») մորը զրկել են նպաստից և թոշակից: Այս մասին գրել է medialab.am կայքը։
Կայքի փոխանցմամաբ՝ Արայիկի մայր՝ Ռիմա Խանդոյանը, իր մյուս որդու՝ Արարատ Խանդոյանի հետ միասին փոքր տնակի մեջ է ապրում: Մյուս որդիները կողքի շենքում տուն են ստացել, սակայն Արարատ Խանդոյանի կնոջ՝ Սոնայի խոսքով՝ Արայիկի տունը ջրի մեջ է և պատերը փլվում են։
Արայիկ Խանդոյանի մորը՝ Ռիմա տատիկին, զրկել են հաշմանդամության նպաստից, «Սասնա ծռեր» խմբի կողմից հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը գրավելուց հետո: Նրանց տեղեկացրել են, որ իրենք այլևս չեն կարող ստանալ 17 հազար դրամ նպաստը, քանի որ այդպես են հրահանգել ԱԱԾ-ից:
Արարատ Խանդոյանի կինը պատմել է, որ վերջերս ձերբակալված իր ամուսինը բազմաթիվ վարկեր ունի բանկում, որը չգիտեն, թե ինչպես պետք է մարեն:
«Արայիկը ունի հինգ երեխա, ցորեն են ցանում ու ամեն տարի սպասում՝ բերք կլինի՞, թե՞ չէ»,- պատմել է Սոնան:
Արայիկի մայրը պատմել է նաև, որ որդին կրկին վիրավորվել է այն ոտքից, որի պատճառով հենակներով էր քայլում և դրանք մի քանի տարի առաջ էր ցած դրել. «Տեսանք՝ Արայիկը վիդեոյի մեջ, գոռգոռում էր, զարմացել էինք, կյանքում Արայիկին գոռալուց չենք տեսել»։