հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Կանանց իրավունքներ / Պետությունը չի վճարում․ ամուսնու կողմից կացնահարված կինը վիրահատությունների կարիք ունի

Պետությունը չի վճարում․ ամուսնու կողմից կացնահարված կինը վիրահատությունների կարիք ունի

Մոտ մեկ ամիս առաջ նախկին ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանը դեռ հիվանդանոցում է։ Նրան անհրաժեշտ են ուսի և գլխի վիրահատություններ։ Այս մասին տեղեկացնում է «Կանանց ռեսուրսային կենտրոնի» համանախագահ Լարա Ահարոնյանը։ Նրա խոսքով՝ Մանսուրյանի բուժման ծախսերը պետությունը չի հոգում, իսկ կինը նման հնարավորություն չունի։ Ահարոնյանը խնդրում է օգնել հանգանակությամբ։

«Ուսի վիրահատությունը մոտ 1000 դոլար արժե, նա այդ գումարը չունի, հիվանդանոցը գումար է պահանջում։ Պետությունը ևս չի վճարում։ «Կանանց նկատմամբ բռնության դեմ» կոալիցիայի անդամներով մենք հավաքել ենք գումար գնելու պրոտեզները՝ հույս ունենալով, որ հիվանդանոցը կամ պետությունը կհոգա մնացածի մասին։ Մենք սխալվում էինք։ Այս երկրում դու դանակահարվում ես, կացնահարվում, գրեթե սպանվում քո ամուսնու կողմից, և ոչ միայն քեզ պաշտպանող օրենք չկա, այլև դու պետք է վճարես բուժման համար։ Ես համաձայն չեմ հայրիշխանական բռնության հետևանքները մաքրել, բայց կարծես մեր կոլեգաների հետ հենց դրանով ենք զբաղված։ Ինչևէ, Թագուհին անհապաղ օգնության կարիք ունի․․», ֊ ֆեսբուքյան իր էջում գրում է Լարա Ահարոնյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Երևանում Վլադիկ Մարտիրոսյանը հարձակվել էր նախկին կնոջ՝ Թագուհի Մանսուրյանի ընտանիքի վրա, որի ընթացքում տղամարդը կացնահարելով սպանել էր Մանսուրյանի մորը, և վնասվածքներ հասցրել նախկին կնոջն ու նրա հորը։

Դեռևս անցյալ տարի Մարտիրոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. փետրվարի 7-ից մինչև 2015թ. ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ծեծի է ենթարկել Թագուհի Մանսուրյանին: Թեև խոշտանգման հոդվածը նախատեսում է մինչև 3 տարի ազատազրկում, դատավոր Նելլի Բաղդասարյանը Մարտիրոսյանին 6 ամսվա ազատազրկման էր դատապարտել և վճռել պատիժը պայմանականորեն չկիրառել՝ հաշվի առնելով, որ Մարտիրոսյանը նախկին դատվածություն չունի, ունի մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերված, զղջում է իր արարքի համար։