Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այսօրվանից ակտիվորեն զբաղվելու է օգոստոսի 7-ին Նախիջևանի հատվածում հայ-ադրբեջանական սահմանը հատած Արարատի մարզի Այգեպատ գյուղի 62-ամյա բնակիչ Հենրիկ Աղեկյանի գործով։ Այս մասին Epress.am-ին հայտնել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակից․ «Մեր մանդատի շրջանակներում մենք գործում ենք և հետագա քայլեր ենք ձեռնարկելու։ Այսօրվանից սկսած ակտիվորեն զբաղվում ենք այդ հարցով»։
Աղեկյանի՝ սահմանը հատելու մասին հայտնի է դարձել օգոստոսի 13-ին։ Ադրբեջանի գերիների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը տեղեկություն էր տարածել, որ Հայաստանի բնակիչը հատել է հայ-ադրբեջանական սահմանը՝ հայտնվելով Նախիջևանի ինքնավար մարզի տարածքում։
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության հետ զրույցում ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանն նշել է, որ Աղեկյանի հարազատներն արդեն դիմում են ներկայացրել, որ նա տնից գնացել է:
Վերջինս, Կապրիելյանի փոխանցմամբ, տառապում է հոգեկան հիվանդությամբ, նախկինում փորձեր արել է հատելու հայ-ադրբեջանական սահմանը, սակայն հայկական կողմից սահմանը հատելու փորձ կատարելիս հայտնաբերվել է: