Հեղինակ՝ Հրաչ Բայադյան
Հրապարակվել է՝ hetq.am-ում
Վերջին տարիներին Երևանի փողոցներում ավելի ու ավելի շատ են լսվում արևմտահայերեն խոսակցություններ։ Հիմնականում սիրիահայեր են, որ իրենց լեզվով, հագուստով, խոհանոցով, սովորույթներով տարասեռություն են մտցնում երեւանյան հասարակության մեջ, եւ դա դուր է գալիս ինձ։ Թվում է սակայն, որ նրանք միևնույն ժամանակ Հայաստանում ավելացնում են այն մարդկանց քանակը, որոնք հանգամանքների բերումով ավելի հակված են հարմարվողության, ստիպված են լինել ավելի լոյալ իշխանության նկատմամբ։ Եվ արդեն ակնհայտ է նաև, թե ինչպես են հայկական հեռուստաալիքները չարաշահում այս մարդկանց՝ Հայաստանում բնակություն հաստատելու ծանր որոշումը՝ էլ ավելի զարկ տալով «հայրենիք»-ի (ազգային միասնության, համերաշխության և այլնի) վաղուց չարչրկված թեմային։
Առհասարակ, կարելի՞ է Հայաստանում կատարվող տարատեսակ փոփոխությունների մասին մտածել այս տեսանկյունից՝ դրանք ավելի՞, թե՞ պակաս հարմարվողական կդարձնեն հասարակությունը կամ, մյուս կողմից՝ արդյո՞ք դրանք հենց խոսում են հասարակության ավելի կամ պակաս հարմարվողական լինելու մասին։ Օրինակ՝ Ռուսաստան արտագնա աշխատանքի գնալու դժվարությունները (գործազուրկների աճը) և դրսից եկող դրամական փոխանցումների կտրուկ նվազումը (շատերի կենսապայմանների վատացումը) կմեծացնեն իշխանությունից դժգոհների՞, թե՞ նրա ողորմությանը համբերատար սպասողների թիվը։ Կամ՝ հասարակության ծերացումը կպակասեցնի՞ փոփոխությունների հասնելու եւ դրանց համար պայքարելու ցանկությունը։ Տեղեկատավական տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացումը (եթե նման բան կատարվի) եւ բազմաթիվ մասնագետների ավելացումը, որոնք ունեն լավ կենսապայմաններ և շարժունություն, կարող են ցանկացած պահի հեռանալ Հայաստանից, ավելի՞ կպակասեցնի երիտասարդների քաղաքական ակտիվությունը։ Իսկ դպրոցական ծրագրերում հայրենասիրական շախմատի ու երգուպարի՝ որպես պարտադիր առարկաների ավելացո՞ւմը…
Ինչ որ առաջին հերթին աչքի է զարնում «հուլիսյան ապստամբության» մասին Գեորգի Դեռլուգյանի հոդվածում, հեղինակի նեղվածություն ու բարկությունն է։ Իսկ նեղսրտում է հարգարժան պրոֆեսորը միանգամայն հասկանալի պատճառով. ոտնահարվել է հայ մարդու՝ ծերության տարիները Հայաստանում խաղաղ ապրելու նրա իրավունքը։ Մինչեւ վերջերս մարդիկ միայն երազում էին մահից հետո Հայաստանում թաղվելու մասին, հիմա արդեն ոմանք ցանկանում են Հայաստանում ապրել իրենց ծերության տարիները։ Մի՞թե լավ չէ։ Լավ է, բայց դարձյալ միտքս է գալիս հարմարվողության թեման։ Հասկանալի է, թե ում շարքերն են համալրում սիրելի պապիկները։ Նրանց պետք է խաղաղ կյանք, Երևանում զբոսնելու, շուկա գնալու եւ ուրիշ պարզ բաների հնարավորություն, այլ ոչ թե զինված ընդհարումներ ու խռովություններ։
Տեսական ընդհանրացումներից ու վերացական սխեմաներից խուսափելը (այսպիսի հավաստիացումներով է սկսվում հոդվածը) գուցե իսկապես վատ չէ, բայց հազիվ թե այն դեպքում, երբ դրան փոխարինում է «ответ простой» սկզբունքը, որը չի ապահովագրում պարզունակ ստերեոտիպների ծուղակը ընկնելուց։ Հոդվածում հուլիսյան իրադարձությունների հիմնական հերոսներից մեկը՝ Ժիրայր Սեֆիլյանը, Բեյրութում փողոցային մարտերի իր փորձով և պաղեստինյան զինյալներից կրած ենթադրյալ ազդեցությամբ, նկարագրվում է որպես պոտենցիալ զինված ապստամբ։ Իսկ նախկին «կոմերիտմիության աշխատակից», «կոռումպացված» Սերժ Սարգսյանը, պարզվում է, կրակելու հրաման չի տվել, քանի որ Հայաստանում գոյություն ունի ցեղասպանություն ապրած ժողովրդի տաբուն. յուրայիններին չի կարելի սպանել։
Ցեղասպանության զոհը արևմտահայությունն էր, և պետք է զգուշություն ցուցաբերել՝ դրա հնարավոր հետևանքները արևելահայության և հատկապես՝ ղարաբաղցիների վրա տարածելիս։ 1990-ականներին Ղարաբաղ կռվելու գնացողները կարող էին ունենալ տարբեր դրդապատճառներ, և արևմտահայ արմատներ ունեցողների ու սփյուռքահայերի համար առաջնային կարող էր լինել ցեղասպանության ժամանակ նահատակված նախնիների (ոչ միայն առհասարակ արևմտահայերի, այլև շատ որոշակի մարդկանց՝ ընտանիքի անդամների) համար վրեժ լուծելու ցանկությունը։
Ահա «տվյալ» Ժիրայր Սեֆիլյանին հոդվածագիրը մերժում է ցեղասպանության հետեւանքների հետ ցանկացած կապ։ Նա գնացել է Ղարաբաղ կռվելու, իսկ հետո Ղարաբաղում կամ Հայաստանում այսքան տարի ապրել միայն որպես «էկզոտիկ սփյուռքահայ», նախկին լիբանանցի զինյալ եւ պոտենցիալ ապստամբ։ Եվ անցած հուլիսին ևս նրա արարքները ոչ մի կերպ պայմանավորված չեն յուրայիններին սպանելու նկատմամբ գործող տաբուով, թեեւ լավ հայտնի է, որ ի վերջո խաղաղ հանձնված ապստամբները զենքը վայր դնելու համար հենց նրա հրամանին էին սպասում։ Իսկ այ Սերժ Սարգսյանի վարքը բացատրելիս շատ հարմար է հիշել նման տաբուի գոյության մասին։
Իսկապես հասկանալու համար, թե որքան կասկածելի է այս տաբուի դերը այս իրադրության մեջ, բավական է հարցնել, թե ինչ կպատահեր, եթե նախագահը լիներ ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ Ռոբերտ Քոչարյանը։ Վերջինս մի անգամ համոզիչ կերպով ցույց տվել է, թե ինչ հորինված կամ իրական տաբուներով պետք չէ բացատրել իր գործողությունները։ Ահա այսպիսի զվարճալի "cultural profiling" կատարված նույն հաջողությամբ, ինչ շատ երկրներում անում են հատուկ ծառայություններն ու դրանց համալսարանական խորհրդատուները։
Մյուս կողմից՝ ինչո՞ւ համեմատել Հայաստանը Ամերիկայի կամ Ռուսաստանի հետ մի իրադարձության համատեքստում, որը այս երկրներում կատարվելու դեպքում կհայտնվեր գլխավոր միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, իսկ այս դեպքում մնաց գրեթե աննկատ։ Տերություններ, որոնք ունեն մեծագույն ռազմական հզորություն եւ մարդկանց ոչնչացնելու մեծ փորձ թե երկրից դուրս, թե երկրի ներսում։ Թերեւս հեղինակի կենսափորձն է հուշում՝ օրինակներ փնտրել հենց այս հասարակություններում, բայց, մյուս կողմից, հենց այս երկրների բարձրունքից է, որ Հայաստանում կատարվող իրադարձությունը դառնում է այսքան խղճուկ ու ծիծաղելի։ Եվ այդ նույն անհավասարությունն է գործում հոդվածագրի ու նրա նկարագրած զանազան մարգինալների միջև (պատերազմից հետո հասարակության մեջ իրենց տեղը չգտած ազատամարտիկներ, «քաղաքացիական հասարակության» անունից խոսող աղջիկներ եւ հենց ինքը՝ հետխորհրդային այս փոսի մեջ խորը թաղված Հայաստանի Հանրապետությունը)։ Այս անհավասարություն է այդպես անողոք ձեւով միակողմանի դարձնում հաղորդակցությունը, այդպես անառարկելի դատավճիռ՝ հոդվածի ուղերձը՝ տեղ բացելով ստերեոտիպներ մանիպուլացնելու, սարկազմ ու հեգնանք բանեցնելու մետրոպոլիական շնորհների համար, որոնք ինձ հիշեցնում են ուշ խորհրդային տարիները։ Այն ժամանակ նման հատկություններով փայլում էին զանազան՝ հիմնականում ռուսական կրթությամբ եւ մոսկովյան կապերով ու առնչություններով տոգորված սնոբներ։ Պատահական չէ, որ հոդվածի միակ դրական հերոսը «մեծ մուլտիպլիկատոր Ռոբ Սահակյանցն» է՝ իր հեգնական արտահայտությամբ հանդերձ։
Հասկանալի է, ես չեմ առաջարկում հարգարժան պրոֆեսորին զրկել նախնիների երկրում խաղաղ ծերանալու հնարավորությունից։ Բայց գուցե արժե տեղափոխվել Ղարաբաղ, որը նույնպես այդ երկրի մի մասն է և որտեղ կարելի է գտնել Դյուրկհայմի տեսության էլ ավելի համոզիչ հիմնավորում։ Այստեղ ապստամբություններ չեն սպասվում, աղջիկներն ավելի ավանդապաշտ են և, որքան գիտեմ, տղամարդկանց գործերին շատ չեն խառնվում։ Եթե չեմ սխալվում, տարիներ առաջ Ամերիկայում կառուցած իր տան տանիքին Գեորգի Դեռլուգյանը ցանկացել է կանգնեցնել Լեռնային Ղարաբաղի դրոշը: Գուցե արժե մի տուն էլ «գրավյալ տարածքներում» կառուցել։ Վստահ եմ՝ նրան և՛ հողակտոր կտրամադրեն, և՛ նոր դրոշ կտան, որն այս դեպքում կլինի ճիշտ իր տեղում։