«Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանն արդեն 5-րդ օրն է հացադուլ է անում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Epress.am-ի հետ զրույցում Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասել է, որ Բարսեղյանը պահանջում է պատշաճ բուշօգնություն ապահովել «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամների համար և տեղափոխել նրանց քաղաքացիական հիվանդանոցներ։
Ալումյանը նշել է, որ ինքն այսօր պատրաստվում է տեսակցել Սմբատ Բարսեղյանին և տեղեկանալ նրա առողջական վիճակի մասին։
Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների փաստաբանները մամուլում բազմիցս բարձրաձայնել են բժշկական ոչ պատշաճ օգնության մասին՝ որոշ դեպքերում «Սասնա ծռերի» ներկայացուցիչների նկատմամբ վերաբերմունքը որակելով որպես խոշտանգում։
Սմբատ Բարսեղյանը «Սասնա ծռեր» խմբի կազմում այս տարվա հուլիսի 17-ին մուտք էր գործել Երևանի Էրեբունի համայնքում գտնվող Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդ։ Խումբը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը և քաղբանտարկյալների ազատ արձակումը։ Խմբի անդամները զենքերը վայր են դրել հուլիսի 31-ին։ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 218՝ պատանդ վերցնելը և 235՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: