Այս տարվա մայիսին սպանված Հրաչյա Ֆալանջյանի ավտոմեքենան, որն այս պահին ոստիկանության պահպանությանն է հանձնված, շահագործվում է ոստիկանների կողմից։ Այս մասին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին հայտնել է Ֆալանջյանի մայրը։
Կինը նշել է, որ որդու մահից 3 ամիս անց այդ ավտոմեքենայով երթևեկության կանոնների խախտում է կատարվել։ Ֆալանջյանի մայրը խախտման մասին փոստային առաքմամբ ուղարկված նամակ է ստացել։ Խախտումը ձայնագրվել է նաև տեսանկարահանող սարքերի միջոցով, իսկ տեսագրությունը տեղադրվել է Ոստիկանության պաշտոնական կայքում։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փոխանցմամբ՝ տեսագրության մեջ հստակ երևում է, որ խախտում կատարած ավտոմեքենան հենց Ֆալանջյանին պատկանող MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենան է:
ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ դեպքն ուսումնասիրվում է իրավապահների կողմից։
Նշենք, որ ՀՀ ոստիկանության հաղորդմամբ՝ այս տարվա մայիսի 13-ի գիշերը «Բրավո» տաքսի ծառայության ընկերության տնօրենի տան վրա ավազակային հարձակում էր տեղի ունեցել, ինչի ընթացքում ավազակային հարձակման մեջ կասկածվող Հրաչյա Ֆալանջյանն այդ ընթացքում բնակարանատերերի դիմադրությանն է հանդիպել և ծեծկռտուքի ընթացքում մարմնական վնասվածքներ ստացել, որի հետևանքով մահացել։ Ոստիկանությունը նշում է, որ Ֆալանջյանը նախկին ոստիկան էր։