Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (լուսանկարում) մերձավորներից՝ նրա վարորդ Արագած Ղևոնդյանի որդին՝ Դերենիկ Հակոբյանը, օրերս կրկին մարդկանց է ծեծել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի փոխանցմամբ՝ Հակոբյանը դաժան ծեծի է ենթարկել Գորիս քաղաքում գտնվող շինանյութի խանութի աշխատակիցներից Վաչե Հարությունյանին և նրա քեռու որդուն՝ Ալիկ անունով։
ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության վարչությունից թերթին փոխանցել են, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին, իսկ տուժածների վնասվածքների բնույթը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Թերթը հիշեցնում է, որ Դերենիկ Հակոբյանը անցած տարի ՝ մայիսի 2-ին, Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով անցնող հիմնական դերակատարներից էր։ Մեղադրող դատախազը պահանջել էր կալանավորել նրան 2,5 տարով, հետագայում Հակոբյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից։ Այդ գործով դատավճիռը պետք է հրապարակվեր օգոստոսի 29-ին, սակայն դատական նիստը հետաձգվել է։ Դերենիկ Հակոբյանը Սուրիկ Խաչարտրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի, և մի շարք այլ անձանց հետ ծեծել էին Հարություն և Մուշեղ Զաքարյաններին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում