Հունվարի 4-ին «Արմավիր» ՔԿՀ-ում մահացած 21-ամյա Անզոր Կարապետյանը, ըստ փորձաքննության, հակված չի եղել ինքնասպանության։
Epress.am-ի հետ զրույցում Կարապետյանի իրավահաջորդների ներկայացուցիչ Անի Չատինյանը հայտնել է, որ այս մասին վկայում է հետմահու անցկացված դատահոգեբանական փորձաքննությունը։
«Փորձաքննությունը ենթադրում է, որ պետք է քննվի և պարզվի, թե ինչ հանգամանքներում է մահացել Անզոր Կարապետյանը։ Ըստ ավելի վաղ անցկացված դատաբժշկական փորձաքննության՝ Անզորի մահը վրա է հասել կոկորդի օրգանների վնասվածքի ու շնչահեղձության հետևանքով, ինչը նշանակում է, որ գուցե նրան կախել են»,- ասել է Չատինյանը։
Փաստաբանը նշել է, որ այժմ պատրաստվում է միջնորդություն ներկայացնել այլ փորձաքննություններ նշանակելու պահանջով, քանի որ դեպքի շուրջ կան բազմաթիվ չպարզված հանգամանքներ։
Հիշեցենք, 2015 թվականի դեկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքում տեղի է ունեցել ծեծկռտուք, որին մասնակցել է նաև Անզոր Կարապետյանը։ Դեպքից հետո նա ներկայացել է ոստիկանություն, նրան ձերբակալել են, այնուհետև 2016 թվականի հունվարի 3-ի երեկոյան դատարանի որոշմամբ կալանավորվել է և գիշերը տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ: Համաձայն պաշտոնական վարկածի, հաջորդ օրը բանտախցում հայտնաբերվել է 21-ամյա երիտասարդին դին կախված վիճակում: Պաշտոնական վարկածի համաձայն, Կարապետյանն ինքնասպանություն էր գործել, սակայն նրա ընտանիքը այդ տարբերակը բացառում է։