Խորենացի փողոցում զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ մեղադրվող Արարարտ Խանդոյանը երեկ՝ սեպտեմբերի 9-ին, դադարեցրել է հացադուլը։ Այս մասին Azatutyun.am-ի հետ զրույցում ասել է Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը։
Արարատ Խանդոյանը հացադուլ էր սկսել սեպտեմբերի 6-ին՝ պատճառաբանելով, որ իշխանությունների կողմից ենթարկվում է քաղաքական հետապնդման։
Նրա խոսքով՝ իրեն անազատության մեջ են պահում ընդամենը նրա համար, որ ինքը հուլիսի 17 -ին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրն է։ Արարատ Խանդոյանը, ինչպես և նրա եղբայրը, ղարաբաղյան պատերազմի մասնակից է, 12 անգամ ստացել է բեկորային և հրազենային վիրավորումներ, ինչի հետևանքով հեռացվել են նրա երիկամներից մեկը և փայծաղը։
«Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը (լուսանկարում) երեկ նույնպես դադարեցրել է սեպտեմբերի 2-ից սկսած հացադուլը։ Նա պահանջում էր պատշաճ բուժօգնություն ցույց տալ «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամներին։