Home / Տեսանյութեր / Արվեստագետին ապօրինաբար թույլ չեն տալիս Հայաստանից դուրս գալ

Արվեստագետին ապօրինաբար թույլ չեն տալիս Հայաստանից դուրս գալ

Արվեստագետ Արտակ Գևորգյանին թույլ չեն տալիս լքել Հայաստանը։ 2015 թվականի դեկտեմբերին նա ստվարաթղթե տանկով հարվածել էր ԱԱԾ֊ի շենքի պատին, դեպքի առնչությամբ քրգործ էր հարուցվել, բայց Գևորգյանը արդարացվել էր, իսկ երկրից չհեռանալու պարտավորությունը վերացվել։

Գևորգյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ արդարացման դատավճիռը կայացվել է հունիսի 24-ին, այն օրինական ուժի մեջ պետք է մտներ մեկ ամսվա ընթացքում։ Գևորգյանը փորձել է մեկնել Վրաստան հուլիսի 25-ից հետո, նրան արգելել են հատել սահմանը։ Մտածելով, որ արգելքը հանելու որոշումն ընդամենը ուշանում է մի քանի օրով, արվեստագետը հետաձգել է ճամփորդությունը։

«Երկրորդ անգամ ես փորձեցի սահմանը հատել սեպտեմբերին՝ վճռից արդեն մի քանի ամիս անց։ Անցակետում անձնագիրս ստուգելուց հետո ինձ շրջապատեցին, ձեռնաշղթաներ հագցրեցին, Բագրատաշենի ոստիկանության բաժնից եկան, տարան։ Զանգեցի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ասացին՝ խնդիրը համարկարգային է, չենք կարող այս պահին ոչնչով օգնել», ֊ պատմել է արվեստագետը։

Նրա տպավորությամբ՝ պատահական չէ, որ երկրից հեռանալու արգելքն իր վրայից չեն հանում․ Գևորգյանը դրանում դիտավորություն է տեսնում։

«Ինչքան հնարավոր տեղ կա, դիմել եմ։ Ոստիկանությունն ասում է՝ դիմեք ԱԱԾ, ԱԱԾ֊ից ասում են՝ դիմեք Ոստիկանություն։ Դատարանն ասում է, որ վճիռն ուղարկել են կատարման՝ «մնացածի հետ մենք գործ չունենք»։ Իրար վրա են քցում», ֊ ասել է Արտակ Գևորգյանը։