Այսօր՝ սեպտեմբերի 20-ի առավոտյան, Կոնդի թաղամասի նախկին բնակիչները հավավքել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տան մոտ։ Ակցիայի մասնակիցները հստակ պատասխան են պահանջում՝ երբ կավարտվեն իրենց քանդված տների տեղում կառուցվող շենքի շինարարական աշխատանքները։
Կոնդի բնակիչների տները քանդել են 9 տարի առաջ և խոստացել այդ տեղում կառուցվող շենքում իրենց բնակարանով ապահովել 2,5 տարվա ընթացքում, սակայն շենքը մինչ օրս չի կառուցվել։ Կոնդեցիները վերջին 4 տարիների ընթացքում բազմաթիվ ակցիաներ են անցկացրել ՀՀ կառավարության շենքի և նախագահի տան մոտ։
Այսօր հավաքված մարդկանց մոտեցել է Սերժ Սարգսյանը, սակայն, ինչպես կոնդեցիներն են փոխանցել Epress.am֊ի թղթակցին, ոչ մի հստակ բան չի ասել և չի տվել իրենց հուզող հարցի պատասխանը։
«Մենք լսել ենք, որ շինարարությունը դադարեցվել է Սերժ Սարգսյանի հրամանով։ Ինքը դուրս եկավ, մոտեցավ մեզ, հարցրեցինք, թե երբ կկառուցվի, բայց ինքը ոչ մի բան չխոսաց, մեր ոչ մի հարցի չպատասխանեց, մենակ ասեց․ «Կլինի շինարարությունը, կլինի»։ Հետո թողեց, գնաց»,- պատմել է ակցիայի մասնակիցներից Արուսյակ Վարդանյանը։
Նա նշել է, որ իրենք բավարարված չեն պատասխանով և պատրաստվում են շարունակել ակցիաները։ Հաջորդը կկայանա հինգշաբթի՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց։